Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում
90-ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել է կարգավորման 7 հիմնական տարբերակ, որոնք ընդունված է անվանել փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն, Քի Ուեսթյան, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան, Լավրովի պլան:
Ղարաբաղի հարցի լուծման առաջին՝ փաթեթային առաջարկից կես տարի առաջ՝ 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, որին մասնակցում էին ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
Ամփոփիչ հռչակագրի 20 -րդ կետը պիտի վերաբերեր Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան այդ կետի բովանդակության հարցում: Հեյդար Ալիևը պնդում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ներառվի պարբերությունում, Հայաստանը դեմ էր այդ ձևակերպմանը, և վետո կիրառեց:
Ի պատասխան Ադրբեջանը սպառնաց վետո դնել ողջ ամփոփիչ հռչակագրի վրա՝ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չընդգրկվի փաստաթղթում: Բանակցությունների արդյունքում՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պարբերությունն ընդհանրապես հանվեց հռչակագրի տեքստից, փոխարենը ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտին առանձին հայտարարություն տարածեց, որում ներառվեց Ղարաբաղի իրավական կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին դրույթը:
Կոտտիի այս հայտարարությանը Հայաստանը դեմ քվեարկեց և պատասխան հայտարարությամբ ներկայացրեց իր դիրքորոշումը:
«Այս հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչը հակասում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 1992 թվականի որոշմանը, որը այդ հարցը թողել է ԵԱՀԿ Մինսկի գագաթնաժողովի իրավասությանը»:
Ու թեև ԵԱՀԿ եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղի վերաբերյալ պարբերությունը տեղ չգտավ, այնուամենայնիվ, ավելի քան 50 երկրների աջակցություն ստացած Կոտտիի հայտարարությունն արդեն վկայեց՝ միջազգային հանրությունը Ղարաբաղի ինքնորոշումը՝ լայն ինքնավարությամբ, բայց պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում:
Թերևս հենց սա նկատի ուներ Լևոն Տեր- Պետրոսյանը, երբ 1998 -ին «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում արձանագրում էր՝ Հայաստանի հակառակորդը միջազգային հանրությունն է:
«Առանձին թյուրիմացությունը, եթե կուզեք, վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել, իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել: Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների», նշել է ՀՀ Առաջին նախագահը:
Իսկ Հանրայինին 2021 թվականի մայիսին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է՝ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվել է, պարզ է դարձել հենց Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ:
Ադրբեջանի հռետորաբանությունը, ըստ Տեր - Պետրոսյանի փոխվել է, երբ այդ երկրում ստեղծվել է միջազգային նավթի կոնսորցիում Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Մինչև վերջին պահը, ըստ Հայաստանի առաջին նախագահի, Լիսաբոնի հռչակագրում Արցախի վերաբերյալ չեզոք մի ձևակերպում էր, որը փոխվել է վերջին պահին՝ Հայաստանի համար անակնկալ կերպով:
Ավելին՝ «Ազատության» տեսանյութում.