Իրավիճակը ռազմաճակատում
Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցած գիշերվա իրավիճակը։
«Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ»,– ասված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Հայտնում են, որ ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Երեկ երեկոյան ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարավային հատվածում` Բերձորից Արաքսի ափ ընկած բնագծի ուղղությամբ ընթացել են մարտական գործողություններ։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը տեղեկացնում է, որ այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ։
«Հակառակորդը, դաշտում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել»,–ֆեյսբուք իր էջում գրել է Հովհաննիսյանը։