«Իշխանությունը ճանապարհ է բացում կարգալույծների համար՝ բանակում հակաեկեղեցական ենթամշակույթով»
«Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից։
Աստված զորացնի Մեր Եկեղեցին,մեր Հայրենիքը ու մեր Բանակը…»։
Տեր Պսակ քահանա Մկրտչյան
Նշենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«ՀՀ Պաշտպանության նախախարի հրամանով սույն թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ ԶՈՒ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելակն Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախախարության համակարգում։
Քննարկվում է ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամաբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական զոինվորական պաշտոնների ստեղծումը, որոնց համար պարտադիր պայման պետք է լինի Հայաստանյայաց Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը»։
Պապիկյանի արձակած հրամանի 3-րդ կետի 3-րդ ենթակետի տրամաբանությունն այն է, որ գնդերեցների համար Զինված Ուժերում առանձին հոգևոր ծառայության համակարգ են ստեղծելու, և այս «հոգևոր ծառայության աշխատակիցներ» կարող են լինել նաև ոչ հոգևորական անձինք, որի համար պարտադիր պայման է ընդամենը հոգևոր կրթություն ստանալը, օրինակ՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետն ավարտած լինելը։
Փաստորեն, նրանց մեջ կարող են լինել նաև ոչ հոգևորականները, ինչպես նաև կարգալույծ քահանաները։ Սույն որոշմամբ փորձ է արվում Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի նվիրապետական կարգի ներքո հոգևոր ծառայություն մատուցած անձանց մուտքը արգելել զինված ուժերի համակարգ։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը գրում է․
«2026թ. փետրվարի 1-ից ՀՀ բանակում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։
Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում դեռ 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։
Սա պարզապես կառավարչական կամ «տեխնիկական» որոշում չէ։ Սա այս իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող համակարգային պատերազմի հերթական փուլն է։
Բանակից հեռացվում է այն ինստիտուտը, որը գրեթե երեք տասնամյակ եղել է զինվորի կողքին՝ ոչ միայն աղոթքով, այլև մարդկային ներկայությամբ, խղճի խոսքով, ծանր պահին լսելու ու կանգուն պահելու կարողությամբ։ Փոխարենը ներդրվում է վարչական վերահսկողության տակ գտնվող, արժեհամակարգային բովանդակությունից զրկված «թույլատրելի հավատքի» մոդել։
Պաշտոնապես կասեն՝ հավատքը չեն արգելում։ Բայց փաստացի լուծարում են դրա կազմակերպված համակարգը։
Ավելին՝ այս որոշմամբ Հայոց բանակ է ներմուծվում նոր վտանգավոր տրամաբանություն։ Հոգևորականներին դուրս մղելով եկեղեցական հովանու տակից՝ իշխանությունը փաստացի ճանապարհ է բացում կարգալույծ, վարչականորեն կախված «հոգևոր գործիչների» ներգրավման համար՝ ձևավորելով հակաեկեղեցական ենթամշակույթ հենց Հայոց բանակի ներսում։
Սա արդեն ոչ միայն եկեղեցու դեմ քայլ է, այլև՝ փորձ է վերաձևելու բանակի ներքին արժեհամակարգը։
Երբ պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում է գաղափարական փորձադաշտ, դա ոչ թե բարեփոխում է, այլ՝ քաղաքակրթական ընտրություն։
Եվ դրա գինը վճարելու է առաջին հերթին հայ զինվորը» ։


