Իսկ «իրողության հետ չներդաշնակվելու» հոդված չկա՞. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հերթական մենախոսությունը, իհարկե, «լույս չսփռեց» 44-օրյա պատերազմի հանգամանքների վրա, փոխարենը՝ իր արտասանած մեկ-երկու նախադասությամբ ակնհայտ դարձրեց, թե ինչ նորանոր աղետների առաջ ենք կանգնած։ Եվ այդ մեկ-երկու նախադասությունը նա մի կերպ, կմկմալով արտաբերեց՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ 2018-19 թվականներին չէր ներկայացնում բանակցային գործընթացի իրական վիճակը։
Նա, պարզվում է, «չէր ասում այդ ասելիքը», որովհետև ուրիշ հարց էլ կար՝ «ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»։ Ի վերջո որոշել էր չասել, ու հետևանքը եղավ պատերազմը, բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Նա ասում է, որ գիտեր, տեսնում էր իրողությունը, բայց «ուրիշ բան է տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է ներդաշնակվել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն»։ Հասկանալի է, որ «իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն» ձևակերպումն ինքնին տխմարաբանություն է, երևի ցանկացել է ասել «իրողությունների վրա հիմնված քաղաքականություն», բայց խնդիրը սա չէ։ Մարդն ասում է՝ ես իրականությունը գիտեի, բայց չէի կարող «ներդաշնակվել դրա հետ» (պարզ ասած՝ չէի կարող ընդունել օբյեկտիվ իրողությունները և դրանք հաշվի առնելով էլ քաղաքականություն իրականացնել)։
Այ հիմա՝ ավելի ուշադիր։ Մինչև հիմա շատերին թվում է, թե պետության ղեկավարն արտաքին քաղաքականության մեջ կարող է լինել ռեալիստ կամ ռոմանտիկ, կարող է քաղաքականության հիմքում դնել ցնորքները կամ պրագմատիզմը, կարող է «ներդաշնակվել» ուժերի հարաբերակցության հետ կամ հաշվի չառնել դրանք, և այլն։ Այսինքն՝ դա ընդամենը «ոճի խնդիր է», դե հիմա ինչ-որ մեկն էլ սխալ ոճ է ընտրել ու ձախողվել, հո էդ մարդուն կախաղան չե՞նք հանելու։ Իրականում ոճի հարց չկա, որևէ պետական կամ քաղաքական գործիչ էլ արտաքին-քաղաքական հարցերում նման ընտրության հնարավորություն չունի։ Նա կամ ռեալիստ է (այսինքն՝ «ներդաշնակվում է» օբյեկտիվ իրողությունների հետ), կամ ապուշ։ Այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև արտաքին քաղաքականության մեջ, առավել ևս՝ վտանգավոր իրավիճակներում, ռոմանտիզմով ու ցնորքներով առաջնորդվելն անխուսափելիորեն հանգեցնում է աղետների։ Նիկոլ Փաշինյանը, ահա, խոստովանում է, որ ինքը «չէր ներդաշնակվել» իրողությունների հետ։ Բայց, չգիտես ինչու, կապ չի տեսնում իր «չներդաշնակվելու» և հետագա աղետների միջև։
Ու գիտե՞ք ինչն է ամենավտանգավորը։ Որ ոչ միայն այդ կապը չի տեսնում, այլև շարունակում է՝ «այսօր է՛լ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ»։ Այսինքն՝ այսօրվա իրողությունները նույնպես գիտի, տեսնում է, բայց իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե դրանք հաշվի առնելով, այլ հենվելով ինչ-որ պատրանքների վրա։ Օրինակ՝ որ պետք է թշնամու բոլոր պահանջները կատարել, հնարավոր ամեն ինչ զիջել, ու այդ դեպքում «խաղաղության դարաշրջան կբացվի»։ Թեև հենց ինքն էլ ասում է, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Արցախը ոչնչացնելն ու Հայաստանից հսկայական տարածքներ օկուպացնելը։ Իսկ կոնկրետ իր դեպքում միայն այն է փոխվել, որ հիմա «ժամանակի ընթացքում եկել է այն եզրակացության, որ այս ամենի մասին պիտի բարձրաձայնվի»։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: