Դեսպան. Հայերի վրա հարձակումները իրականացրել են ծայրահեղականներ, որոնք չեն ներկայացնում մեր հասարակությունը

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը, Tweet-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
«Այս դժբախտ իրադարձություններն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հավատարիմ է բոլոր կրոնների պաշտամունքի ազատությանը»,- գրել է դեսպանը:
Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ հունվարի 28-ին Երուսաղեմում հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։
Պատրիարքարանի վրա հարձակումից հետո Իսրայելի ոստիկանության աշխատակիցները այցելել են Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: