Վանո Կարապետյան. ԿԳՄՍՆ-ի հերթական խնդրահարույց որոշումը կբերի կրթության որակի շեշտակի իջեցմանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը 2022 թվականի նոյեմբերի 24-ին N 02/09.2/29764-2022 գրությամբ` մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի միջոցով ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների տնօրեններին տեղեկացնում է, որ նախարարության համապատասխան գրությամբ հաստատված ցանկով ԵՊՀ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատի առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված ուսանողներին այսուհետ հիմնական մասնագիտական որակավորմանը զուգահեռ սահմանված կարգով կշնորհվի նաև մանկավարժի լրացուցիչ որակավորում։
Նախարարության հիմնավորման մեջ ասվում է. «...հաշվի առնելով շրջանավարտների աշխատանքի ընդունվելուց առաջացող խնդիրները՝ առաջարկում ենք հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր տեղերի մրցույթներին դիմող ԵՊՀ շրջանավարտների դեպքում հիմք ընդունել նաև ավարտական փաստաթղթի հավելվածում բուհի կողմից սահմանված կարգով նշված մանկավարժի համապատասխան որակավորում ստացած լինելու հանգամանքը»: Ստացվում է, որ նախարությունը հանրակրթական դպրոցների տնօրեններին ոչ հստակ կերպով ասում է, որ կարող եք խախտել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը (https://www.arlis.am/documentview.aspx?docid=71908 ), քանի-որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը դիպլոմի ներդիրը (միջուկ) որպես որակավորման հիմք չի ճանաչում։ Ստացվում է խզում` ներդիրով որակավորում շնորհելու ԵՊՀ-ի որոշման և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի միջև։
Հաջորդ ամենակարևոր խնդիրը, որ անհասկանալի և անտրամաբանական է այն է, որ այսուհետ ԵՊՀ-ն այնպիսի մասնագիտությունների մասնագետների կտա լրացուցիչ ուսուցչի որակավորում որոնց մասնագիտական ուղղվածությունը որևէ աղերս չունի հանրակրթական դպրոցի առարկայացանկի և բովանդակության հետ, օրինակ` կենսաքիմիկոսին կտան կենսաբանության ուսուցչի որակավորում, մեխանիկա բաժնի շրջանավարտին կտան մաթեմատիկայի ուսուցչի որակավորում, մշակութաբանին և արվեստաբանին կտան պատմության ուսուցչի որակավորում, միջուկային ռեակտորների ֆիզիկա և ռադիոֆիզիկա բաժնի շրջանավարտին կտան ֆիզիկայի ուսուցչի որակավորում և այլն։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ԵՊՀ-ն հայաստանյան մի շարք այլ պետական և մասնավոր բուհերի հետ միասին տարբեր տարիներին իրենց շրջանավարտներին որոշակի մասնագիտությունների գծով բացի իրենց հիմնական մասնագիտական որակավորմանը նաև շնորհել է ուսուցչի կամ մանկավարժի լրացուցիչ որակավորում, որը ոչ թե շնորհված է ներդիրի մեջ` ինչպես այսօր առաջարկում է ԵՊՀ-ն, այլ շնորհված է հենց դիպլոմի մեջ (օրինակ` պատմության բակալավր` պատմության ուսուցիչ, մաթեմատիկայի բակալավր` մաթեմատիկայի ուսուցիչ, աշխարհագրության բակալավր` աշխարհագրության ուսուցիչ և այլն), այս մոտեցումը շատ տեղին և ճիշտ է եղել քանի-որ հիշյալ մասնագիտությունները համապատասխանում են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայացանկին և բովանդակությանը։ Բայց դրա հետ մեկտեղ ԵՊՀ-ն և հիշատակված մյուս բուհերը եղել են տարիներ երբ այս անգամ իրենց շրջանավարտներին հիմնական մասնագիտական որակավորմանը զուգահեռ չեն շնորհել ուսուցչի կամ մանկավարժի լրացուցիչ որակավորում (օրինակ` պատմության բակալավր, մաթեմատիկայի բակալավր, աշխարհագրության բակալավր և այլն), որը ըստ իս սխալ մոտեցում է եղել իսկ արդյունքում օրինակ` պատմության բակալավր որակավորմամբ շրջանավարտը չի կարող դպրոցում ուսուցիչ աշխատել քանի-որ նրա որակավորումը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Սա ԿԳՄՍ նախարարության հերթական հակասական և խնդրահարույց որոշումն է, որը ոչ միայն որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ կրթական գործընթացի վրա այլ նաև կբերի կրթության որակի շեշտակի իջեցմանը, քանի-որ այսուհետ հանրակրթական դպրոցներ մտնելու իրավունք կստանան այնպիսի մասնագիտությունների տեր անձիք, որոնք իրենց կրթական ուղղվածությամբ և մասնագիտական հմտություններով ու կարողություններով որևէ աղերս չունեն հանրակրթական դպրոցի առարկայացանկի և հիմնական բովանդակության հետ։
Պատմաբան, կրթության փորձագետ Վանո Կարապետյան