Հարութ Ուլոյան. Կիսաճշմարտություն vs ճշմարտություն
Կիսաճշմարտություն vs ճշմարտություն
Կառավարության կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարկված փաստաթղթերը, այդ թվում՝ 2019 թվականի առաջարկը, շատերին կրկին ստիպել է արձանագրել, թե ինչ հեռատեսությամբ է օժտված առաջին նախագհը, ու թե ինչպես է կարողացել դեռևս 1997 թվականին հրապարակված իր հայտնի հոդվածում կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ վերջին տարիներին։
Շատերը նորից հիշում են 2016-17 թվականները, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ առաջնային օրակարգ սահմանեց Ղարաբաղի խնդրի լուծման անհրաժեշտությունը, բայց բացի Հայ ազգային կոնգրեսն ընգրկող շրջանակներից, ոչ ոք չաջակցեց այդ օրակարգին։ Որպես «արդարացնող» հանգամանք էլ նշում են այն, որ իրենք, իբր, տեղյակ չէին, թե ինչ է բանակցվում ու ինչ է դրված սեղանին։
Այս բոլոր մարդիկ ճշմարտությունը չեն ասում։ Ավելի ճիշտ՝ կիսաճշմարտություն են ասում։ Խնդիրն այն չէր, որ, իբր, ոչմիթիզականները «տեղյակ չէին», թե ինչ է դրված բանակցային սեղանին։ Խնդիրն, իրականում, այն էր, որ նրանք շատ լավ տեղյակ էին այդ առաջարկների բովանդակության մասին և հենց այդ բովանդակությունն էլ մերժում էին՝ նույն այն էմոցիաներով ու «արգումենտներով», ինչով 2016-2020 թվականներին Փաշինյանն էր արտահայտվում այդ առաջարկների մասին։
Երբ 2016 թվականին Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց Ղարաբաղի հարցի լուծման անհրաժեշտությունը, բոլոր հակաճառումներն այն մասին էին, թե Տեր-Պետրոսյանն իր «պարտվողականությունից» չի հրաժարվել ու մեզ սիպում է համաձայնել մեր դեմ իրականացվող համաշխարհային դավադրությանը։ Սրան ի պատասխան, Տեր-Պետրոսյանը առանձին հրապարակմամբ ներկայացրեց սեղանին դրված առաջարկների տրամաբանությունը, որը հետևյալն էր․
«[...] Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից՝ ընդգրկելով հետեւյալ իրարահաջորդ քայլերը.
1-ին փուլ. Հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի,
2-րդ փուլ. Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվում են խաղաղարար ուժեր,
3-րդ փուլ. Հռչակվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակը,
4-րդ փուլ. Վերացվում է Ղարաբաղի եւ Հայաստանի շրջափակումն ու վերականգնվում են Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաեւ Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները,
5-րդ փուլ. Սահմանվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերջնական կարգավիճակը,
6-րդ փուլ. Ադրբեջանին են վերադարձվում մնացյալ երկու շրջանները, բացի Լաչինի միջանցքից»։
Այսինքն, ներկայումս կառավարության կողմից հրապարակված վերջին տարիների բանակցային պլանների բովանդակությունն աբողջովին նույնն է, ինչ տարիներ շարունակ թե՛ պաշտոնական հրապարկումների, թե՛ գաղտնազերծումների միջոցով ներկայացվում էր հանրությանը։
Պարզ ասած, երբ հասարակ մարդիկ են ասում, թե իրենք տեղյակ չէին ո՛չ պետական ներուժից, ո՛չ էլ բանակցային տրամաբանությունից, դա հասկանալի է, բայց քաղաքական գործիչների պարագայում նման «արդարացումներն» ուղղակի դեմագոգիա են։ Դեմագոգիա էին այն ժամանակ, դեմագոգիա են հիմա։ Առավել ևս, ինչպես նշեցի արդեն, բանակցային տրամաբանության ոչ մի էական դետալ գաղտնիք չի եղել և իրենք դեմ են արտահայտվել բանակցային տրամաբանությանը ոչ թե որ տեղյակ չէին դրանից, այլ հենց եղածը վերլուծելով են դեմ արտահայտվել։
Ինչ վերաբերում է կոնկրետ Փաշինյանին, ապա նա թե՛ մինչև իշխանության գալը, թե՛, առավել ևս, իշխանության գալուց հետո, շատ լավ պատկերացում ունեցել է, թե ինչ է դրված բանակցային սեղանին ու գիտակցված, իրեն «գժի տեղ դնելով», ուղղակի մերժել է առաջ շարժվել տարիներ շարունակ բանակցային սեղանին դրված սկզբունքների հիման վրա՝ հանցավոր միամտությամբ ցանկանալով փոխել բանակցային տրամաբանությունը։ Իսկ, իրականության մեջ, նա աշխատել է ոչ թե «բանակցային տրամաբանությունը փոխելու» ուղղությամբ, այլ ուղղակի տորպեդահարել է այդ տրամաբանությունն ու ձեռնոց է նետել Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին ու Մինսկի խմբին՝ ուղղակիորեն անխուսափելի դարձնելով պատերազմը։


