«  Սեպտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Սերունդները «ցրտի ու մթի» տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման և հաղթական պատերազմի տարիներ»

«Սերունդները «ցրտի ու մթի» տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման և հաղթական պատերազմի տարիներ»

 «...Թեեւ մեր իմաստուն ընդդիմախոսների եւ քոչարյանագեբելսյան քարոզչամեքենայի հետեւողական ջանքերի շնորհիվ «ցրտի ու մթի տարիներ» է պիտակավորվել Հայաստանի նախկին վարչակազմի իշխանավարության ողջ շրջանը, սակայն իրականում ցուրտ եւ մութ է եղել միայն 1992–1994 թվականներին։ Եթե մի պահ փորձենք հիշել, թե դրանք ինչ տարիներ էին, ապա ապշանքով կնկատենք, որ դրանք աստղաբաշխական ճշգրտությամբ համընկնում են Արցախյան պատերազմի տարիներին։

Պատերազմն սկսվել է 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի գրավմամբ, եւ ավարտվել 1994թ. մայիսի 12-ին՝ զինադադարի կնքումով։ Միայն այս փաստը բավական էր, որպեսզի համաշխարհային պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած բանական մարդ, առանց մեծ ճիգ թափելու, կռահեր, թե ինչու այդ տարիներին Հայաստանում ցուրտ ու մութ պետք է լիներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցուրտ ու մութ էր ոչ միայն ողջ Խորհրդային Միությունում, այլեւ Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում եւ պատերազմի մեջ ներքաշված մնացյալ բոլոր երկրներում։ Անգլիայում, օրինակ, այդ ժամանակ հազարապատիկ ավելի ծառ է կտրվել, քան ցուրտ ու մութ տարիների Հայաստանում, էլ չխոսած Լենինգրադյան բլոկադայի սարսափների մասին։

Սակայն որեւէ այլ երկրում ոչ մեկի մտքով չէր անցնի պատերազմի տարիները կոչել ցրտի, մթի, իսկ որոշ տեղերում՝ նաեւ սովի ու համաճարակի տարիներ։ Նման հանճարեղ միտք կարող էր ծագել միայն երեքհազարամյա քաղաքակրթությամբ հպարտացող հայերի ուղեղներում։ Մեր ընդդիմախոսները համառորեն չեն ընդունում կամ փոքրոգաբար անտեսում են որեւէ փոխկապակցվածություն՝ ցուրտ ու մութ տարիների եւ Արցախյան պատերազմի միջեւ։

Ցուրտն ու մութը նրանք բացատրում են բոլորովին այլ պատճառներով։ Բերենք դրանցից ամենատարածվածները։

Ամենաարտառոց տեսակետն, ինչպես միշտ, մի քանի տարի առաջ արտահայտել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի էներգետիկ ճգնաժամը բացարձակապես պայմանավորված չի եղել պատերազմով ու շրջափակումներով, այլ արդյունք է այն իրողության, որ «Ղարաբաղ» կոմիտեն ժամանակին անհեռատեսորեն փակել է Արմավիրի ատոմակայանը։ Սա թեեւ թյուրիմացություն է, բայց տվյալ պարագայում՝ ներելի թյուրիմացություն։

Գտնվելով Հայաստանից դուրս՝ Քոչարյանը կարող էր տեղյակ չլինել, որ ատոմակայանի փակման ժամանակ, այն է՝ 1989թ. հունվարին, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր տասնմեկ անդամները, գումարած Իգոր Մուրադյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, արգելափակված էին Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» եւ «Բուտիրկա» բանտերում։ Կարող էր չիմանալ նաեւ, որ ատոմակայանի փակման որոշումն ընդունել են իր սիրելի Նիկոլայ Ռիժկովն ու Սուրեն Հարությունյանը։ Եւ վերջապես, բացառված չէ, որ մի օր էլ Քոչարյանը կհայտարարի, թե ատոմակայանն ինքն է վերագործարկել։ Ու չզարմանաք՝ շատերը հակված կլինեն հավատալու դրան։

Էներգետիկ ճգնաժամի հետ կապված հաջորդ անհեթեթ տեսակետի համաձայն՝ «ցրտի ու մթի» տարիներին Հայաստանի իշխանություններն իբր դիտավորյալ հողանցել են արտադրված էլեկտրաէներգիան՝ իրենց ներկրած նավթն ու մոմը վաճառելու եւ շահույթ ստանալու նպատակով։

Երբ սա ասում է հասարակ մարդը, հասկանալի է։ Իսկ երբ դրա մասին, հազարավոր հեռուստադիտողների առաջ, դեմքի լուրջ արտահայտությամբ եւ դատավորի կեցվածքով, խոսում է ակադեմիական շրջանակներում ըստ արժանվույն մեծ համբավ վայելող մի պատմաբան՝ Պետական համալսարանի պրոֆեսոր, ապա կարելի է լիովին հիասթափվել Աստծու արարչագործությունից։ Պրոֆեսորն, ըստ երեւույթին, դպրոցի վեցերորդ, թե յոթերորդ դասարանում փախել է ֆիզիկայի դասից, որի թեման եղել է «էներգիայի պահպանման եւ փոխակերպման օրենքը»։ Շատ լավ, դասից բոլորս էլ փախել ենք, հիմա էլ թոռս է փախչում։ Այդ պրոֆեսորի համար ի՞նչ դժվար էր՝ մտնել հարեւան ֆիզիկայի ֆակուլտետ եւ խորհրդակցել որեւէ ֆիզիկոսպրոֆեսորի կամ թեկուզ առաջին կուրսի ուսանողի հետ։ Պատասխանը, չեմ կասկածում, վայրկյան անգամ չէր ուշանա՝ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի հողանցման պարագայում Հայաստանի էներգետիկ ցանցի բոլոր ապահովիչները կպայթեին։

Առաջին հայացքից կարող է ավելի լուրջ թվալ էներգետիկ ճգնաժամի հարցում նախկին իշխանություններին ներկայացված այն մեղադրանքը, թե «ցրտի ու մթի տարիներն» իբր արդյունք են էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, մասնավորապես, խորհրդարանական լատիներենով՝ «մազութ լափելու» պրոցեսում «բացահայտված» մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող յուրացումների։ Որպես դրա հիմնավորում բերվում է այն փաստը, որ 1993 թվականին արտադրվել է նույնքան էլեկտրաէներգիա, որքան 1996-ին, բայց առաջին դեպքում եղել են հովհարային անջատումներ, իսկ երկրորդում՝ ոչ։

Մեր ընդդիմախոսներին չեն բավարարում այն բացատրությունները, որ 1992–1994 թվականներին արտադրված էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը մատակարարվել է արդյունաբերությանը, որ հովհարային միացումների ժամանակ հոսանքը, էժան լինելով, անխնայողաբար օգտագործվել է ոչ միայն լուսավորման, այլեւ ջեռուցման եւ կենցաղային սարքերն աշխատեցնելու նպատակով, որ 1996-ին արդեն գործում էր Ատոմակայանը, որ այդ թվականին, ի տարբերություն 1993-ի, Հայաստան էին ներկրվում հսկայական քանակությամբ այլ էներգակիրներ՝ բենզին, նավթ, դիզելային վառելիք, որ 1996-ին արդեն ջեռուցվում էր հանրապետության խոշոր քաղաքների բնակելի շենքերի մեծ մասը, իրականացել էր էներգետիկ ռեֆորմը, վերացել էին անօրինական լարանցումները եւ այլն։

Ձեզ չհոգնեցնելու համար ես չեմ ուզում մանրամասնել թվարկված իրողությունները։ Դրանց սպառիչ քննությունը, իր բազմաթիվ հոդ-վածներում եւ հարցազրույցներում, կատարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի եզրակացությունները ոչ միայն չեն հերք-վել, այլեւ առայժմ նույնիսկ չեն վիճարկվել մասնագետ-տնտեսագետների կողմից։

Որտեղի՞ց, ուրեմն, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հարյուր միլիոնավոր դոլարի յուրացումների մասին շրջանառվող խոսակցությունները։ Բանից պարզվում է՝ ոչ այլ տեղից, եթե ոչ նախորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված հատուկ հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել էր դատախազություն՝ համապատասխան քրեական գործ հարուցելու պահանջով։

Գլխավոր դատախազությունը, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գործը քննելուց հետո, ոչ միայն նախկին իշխանությունների գործողություններում հանցակազմ չգտավ, այլեւ չարձանագրեց հանցանքի փաստն անգամ։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում պարկեշտությունը կպահանջեր, որպեսզի գլխավոր դատախազը եւ հանձնաժողովի անդամները պաշտոնապես ներողություն խնդրեին նախկին իշխանություններից, մասնավորապես, վարչապետ Հրանտ Բագրատյանից։ Դա չարվեց, ապացուցելով, որ Հայաստանը դեռեւս քաղաքակիրթ երկիր չէ։ Դրա փոխարեն հանձնաժողովի հարգարժան անդամներն ու նրանց հարող քաղաքական գործիչները, չհամաձայնելով դատախազության որոշման հետ, շարունակեցին եւ այսօր էլ շարունակում են պնդել նախորդ իշխանություններին հասցեագրված նույն մեղադրանքները։

Մինչդեռ տրամաբանությունը պահանջում էր, որ այս անգամ նրանք քրեական գործ հարուցեին հանրապետության գլխավոր դատախազի դեմ՝ նախկին իշխանությունների «հրեշավոր հանցագործությունը» կոծկելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ապա պետք է ներխուժեին գլխավոր դատախազի գրասենյակ եւ, ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարեին գրասենյակում փռված գորգի վրա։

Ինչո՞ւ, ասենք, Վազգեն վեհափառը եւ Վիկտոր Համբարձումյանը կարող էին Մոսկվայում հացադուլի նստել Արցախի հարցի արդարացի լուծման պահանջով (ի դեպ՝ այդ հացադուլից նրանց ես եմ հանել), իսկ պատգամավորական հանձնաժողովի քաջարի անդամները ընդունակ չեն այդպիսի զոհողության գնալու։ Չեմ ուզում ավելի ծավալվել, բայց այս հարցը իրավական եւ քաղաքական հարթությունից ակամա տեղափոխվում է բարոյական հարթություն։

Հարցերի խորքը թափանցելու պարագայում ակնհայտ է դառնում, որ վերը թվարկված մեղադրանքները նպատակ են հետապնդում սոսկ քողարկելու Հայաստանին բաժին ընկած էներգետիկ ճգնաժամի բուն պատճառը, այն է՝ Արցախյան պատերազմն ու շրջափակումները։

1992–1994 թվականներին Հայաստանի իշխանությունները, մեծ զրկանքների ենթարկելով հանրապետության քաղաքացիներին, հայթայթված սուղ միջոցներն ամբողջովին ներդրեցին Արցախի գոյությունն ու անվտանգությունն ապահովելու գործում՝ մեր երկրի տնտեսական գլխավոր խնդիրը դիտելով պատերազմի կարիքների բավարարումը, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի, դեղորայքի հայթայթումը, հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, բանակի հանդերձավորումն ու պարենավորումը։

Թեեւ բոլորի մոտ տպավորված է այն պատկերացումը, թե պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում, սակայն իրականում Հայաստանը նույնպես անմիջականորեն ներքաշված էր չհայտարարված պատերազմի մեջ։ Հայ-ադրբեջանական եւ հայ-նախիջեւանյան ողջ սահմանային գոտին երկու տարի շարունակ ենթարկվում էր համարյա ամենօրյա ռմբակոծությունների, հրաձգությունների եւ ավերումների։ Այդ գոտում՝ սկսած Ոսկեպարից մինչեւ Մեղրի եւ Երասխ, չկա որեւէ գյուղ, որը զոհեր եւ վիրավորներ տված չլինի։

Ադրբեջանի կողմից, ըստ էության, պատերազմ էր հայտարարված նաեւ Հայաստանի արտաքին կոմունիկացիաներին։ 1992–1995թթ. ընթացքում 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը եւ 21 անգամ՝ վրաց-հայկական երկաթգիծը։ Կարիք չկա ասելու, թե այդ պայթեցումներից հետո ինչ լրացուցիչ ծախսեր են պահանջվել կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների համար։ Ես առայժմ չեմ կարող պետական գաղտնիքներ հրապարակել, բայց հավատացնում եմ, որ պատերազմի, զենքի, զինամթերքի, դիզվառելիքի հայթայթման, բանակի մատակարարման, Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության, խափանված կոմունիկացիաների վերականգնման վրա այնքան գումար է ծախսվել, որ լիուլի կբավարարեր մեր ժողովրդին թե՛ լույսով, թե՛ ջերմությամբ ապահովելու համար։ 1993–1995 թվականներին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարն է եղել Սերժ Սարգսյանը, որն ամբողջությամբ տիրապետում է այդ գաղտնիքներին, եւ որը չի կարող չհաստատել այս ամենը։

Դիմելով այս հրապարակում գտնվող լրագրողներին, խորհուրդ եմ տալիս՝ առիթի դեպքում հարցրեք նրան եւ տեսեք, թե ինչ է պատասխանելու։

Թող տարօրինակ չհնչի, բայց ես երջանիկ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը 1992–1994 թվականները համարում է «ցրտի ու մթի» տարիներ, ինչը նշանակում է, որ նա իր մաշկի վրա չի զգացել պատերազմի արհավիրքները։ Մինչդեռ Արցախ մեկնած հազարավոր հայաստանցի կամավորների ու նրանց ընտանիքների, սահմանամերձ շրջանների բնակչության համար դրանք եղել են արյան, դիերի, վիրավորների, ռմբակոծումների եւ ավերումների տարիներ՝ զոհողություններ, որոնց գինը ազատագրված Արցախն է։

Որ Արցախի ազատագրման գործին Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի անմնացորդ նվիրվածության, ինչպես նաեւ կրած զրկանքների ու տառապանքների մասին ասվածը սոսկ մերկապարանոց հայտարարություն չէ, հաստատվում է Ղարաբաղի ղեկավարության՝ ժամանակին տված անկեղծ գնահատականներով։

Այսպես, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1995թ. հունվարի 9 ին, դիմելով ինձ, գրել է.

«Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում։ Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության զորակցությունը» (ՀՀ առաջին նախագահի արխիվ, 09.01.1995)։

1996 թվականին, մի այլ առիթով, Ռոբերտ Քոչարյանը դա արտահայտել է ավելի պերճախոս կերպով.

«Այսօր ԼՂՀ ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ եւ հարգանք միջազգային հանրության կողմից։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե մեր թիկունքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը… Ես կուզեի շեշտել Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում։ Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք։ Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում եւ Սփյուռքում՝ նույնպես» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.):

 Որպեսզի չթվա, թե սա ընդամենը մեկ մարդու տեսակետ է, բերենք նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի երբեմնի նախագահ Արթուր Թովմասյանի գնահատականը.

«Անժխտելի է այն փաստը, որ մեր հաջողությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության վարած ճկուն դիվանագիտությամբ եւ հավասարակշռված քաղաքականությամբ։ Եւ ինչ խոսք, որ այդ դժվարին գործում մեծ է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.)։

Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը 1996 թվականին հայտարարել է հետեւյալը.

«Եթե այսօր արցախահայությունը մասնակցեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններին, ապա բացարձակ մեծամասնությամբ իր ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին» («Հայաստանի Հանրապետություն», 19.09.1996թ.)։

Համոզված եմ, որ սերունդները «ցրտի ու մթի» տարիները գնահատելու են որպես հերոսական մաքառման եւ հաղթական պատերազմի տարիներ։ Բայց դրա հետ մեկտեղ, հասկանում եմ նաեւ, որ իմ երկարաշունչ բացատրությունները, միեւնույն է, չեն փարատելու շատերի կասկածները։ Ուստի ինձ մնում է միայն ներողամտություն հայցել մեր ժողովրդից՝ հանուն Արցախի փրկության նրան պատճառած տառապանքների համար։

Խորապես ցավում եմ, որ հարկադրված եղա այսքան բացահայտ խոսել Հայաստանի էներգետիկ ճգնաժամի եւ հաղթական պատերազմի փոխկապակցվածության մասին։ Նորմալ երկրում դա պետք է այնպիսի տաբու լիներ, որ յուրաքանչյուր մարդ վիրավորված զգար՝ այդ բանն իրեն հիշեցնելու համար»։

16 նոյեմբերի, 2007թ., հանրահավաք