Լևոն Զուրաբյանը բացահայտում է Դավիթ Մաթևոսյանի ողբերգական վախճանի հանգամանքները
«Երեկ, հուլիսի 11֊ին, կայացավ Դավիթ Մաթեւոսյանի «Խաղաղության հավատամքով» գրքի շնորհանդեսը։ Հրապարակում եմ շնորհանդեսում իմ ելույթը, որում կարեւոր բացահայտում եմ անում իր ողբերգական վախճանի հանգամանքների մասին», ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախարար Լևոն Զուրաբյանը:
«Այսօր մենք՝ այստեղ Դավիթ Մաթեւոսյանի հավաքված բոլոր զինակիցներս, ընկերներս եւ հարազատներս, անչափ երջանիկ ենք, քանի որ եկել ենք ոչ թե լոկ նրան նվիրված գրքի շնորհանդեսի, այլ իրականում` իր հետ հանդիպելու եւ զրուցելու պայծառ հնարավորության համար։
Մարդիկ, որ իրեն չեն ճանաչել, կարող են հարց տալ. ինչպե՞ս թե հանդիպել կամ զրուցել մի մարդու հետ, որը հիմա ներկա չի, մեր կողքին չէ։ Նրանք ուղղակի չգիտեն, որ Դավիթ Մաթեւոսյանը մեզ համար հենց այդպիսի մարդ էր, անգամ դեռ երբ ողջ էր եւ շփման համար հասանելի. նա մեր կյանքում հենց այդպիսի գոյություն էր՝ մարդ, որի հետ խոսում֊զրուցում ես, մտքեր փոխանակում եւ խորհուրդ հարցնում անգամ այն ժամանակ, երբ նա կողքդ չի։
Կյանքի օրոք էլ նա մշտապես մեր հոգում էր եւ մեր անտեսանելի զրուցակիցն էր, որովհետեւ իր առօրյա կյանքով եւ գործունեությամբ բարոյականության, քաջության եւ սկզբունքայնության այնպիսի նշաձող էր հաստատել, որ մենք շատ հաճախ ինչ֊որ բան անելուց կամ ասելուց առաջ ինքներս մեզ հարցնում էինք. «Իսկ Դավիթը ինչպե՞ս կվերաբերվի այս արարքին, կամ ինչպե՞ս նա կվարվեր նման դեպքում»։ Այդ իմաստով շատ բան չի փոխվել իր հեռանալով, իրականում, դեռ մի բան էլ ավելի է նա հաստատվել մեր սրտներում, հոգիներում եւ մտքերում, որովհետեւ հիմա մենք ավելի հաճախ ենք խոսում եւ խորհրդակցում նրա հետ։
Դավթին չճանաչող մարդիկ նորից հարց կտան. այդ ինչո՞վ է նա նման կարգավիճակ ձեռք բերել։ Որոշ ժամանակ մտորելով այս հարցի շուրջ, ամենակարճ պատասխանս հետեւյալն է։ Դավթի հզորությունը նրա անսահման խիղճն էր, որը գերզգայուն մերկ նյարդի էր նման։ Այդ գերզգայուն մերկ խիղճն էր, որ նրան երբեք չէր թողնում թուլանալ, իջնել սովորականության, անտարբերության, ծուլության ճահիճը։ Այդ խիղճը նրան պատասխանատու էր դարձնում ամեն ինչի համար՝ ի՜ր, իր ընտանիքի՜ եւ զավակների՜, հայրենիքի ճակատագրի՜, նաեւ՝ իր քաղափարական զինակիցների՜ եւ ընկերների՜ համար։
Տաղանդավոր ինժեներ՝ նա ոչ միայն հիդրաէլեկտրակայաններ էր կառուցում խաղաղ կյանքի համար, այլ նաեւ, արագորեն յուրացնելով հրետանավորի գործը, անողոք հարվածներ հասցնում թշնամուն։ Նա միշտ այնտեղ էր, որտեղ որոշվում էր իր երկրի, իր հողի, իր ընտանիքի եւ իր ազգի ապագան։ Եթե պետք էր, զինվորական էր եւ երկրապահ, եթե պետք էր՝ ոստկանապետ, մարզի ղեկավար, անտառապահ։ Երբ խախտվում էին երկրի օրենքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, որպես սեփական երկրի համար պատասխանատու քաղաքացի՝ կռվում էր արդարության, ազնվության եւ մաքրության համար՝ գրչով, փողոցում կամ բանտից։ Երբեք չէր հարցնում թե ի՜նչ կարող է տալ երկիրն իրեն, այլ միշտ ինքն իրեն հարցնում էր, էլ ի՜նչ կարող է տալ հայրենիքին, որին ծառայում էր նաեւ որպես շնորհալի գրող եւ հրապարակախոս։
Իսկ ի՞նչ արեց երկիրը իր համար, այն պետությունը, որի հիմնադրմանը եւ ամրապնդմանը նա նվիրվեց անվերապահ։ Հպարտ եմ, որ այսօր ներկայացվող գրքում զետեղված են նաեւ իմ այն խոսքերը, որոնք ես գրեցի Դավիթի ողբերգական մահվանից անմիջապես հետո։ Պատերազմը դեռ շարունակվում էր, եւ այդ խոսքերի մեջ ես գրեցի, որ դեռ չեմ բացի նրա վախճանի հետ կապված փակագծերը։ Բայց այսօր, կարծում եմ, ժամանա՜կն է, որ դա արվի։
Պատերազմի օրերին օրը երեք֊չորս անգամ կապվում, քննարկում էինք իրավիճակը։ Մենք մշտական կապի մեջ էինք գլխավոր դերակատար միջնորդ երկրների ներկայացուցիչների, իշխանության եւ բարձրագույն զինվորականության հետ, նա իր կապերով հետեւում էր իրավիճակին ռազմաճակատում, փոխանակում էինք այդ տեղեկություները։
Դեպքից երկու օր առաջ նա զանգեց ինձ եւ սարսափելի լուրեր հայտնեց։ Ադրբեջանցիք սրընթացորեն զարգացնելով հարձակումը, գրավել էին իրանական սահմանի վրա գտնվող բոլոր ուղեկալները եւ հասել էին Հայաստանի պետական սահմանին, որտեղ չկար որեւէ զորամիավորում՝ Մեղրին պաշտպանելու համար։ Մեղրին պարզապես անպաշտպան էր մնացել։ Զանգեցի մարդկանց, որոնք ամիջապես շփվում էին երկրի ղեկավարների հետ եւ ներկայացրեցի իրավիճակը։ Խոսելով ղեկավարների հետ, պատասխանեցին, որ իմ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, որ ես իբր օգտվում եմ ոչ հուսալի աղբյուրներից։ Ջղայնացա, ասեցի. եթե էս երկրում մի հուսալի բան կա, դա Դավիթ Մաթեւոսյանն է եւ նրա տված ինֆորմացիան։
Ոչ մի բան, սակայն, չփոխվեց։ Ղեկավարները շարունակեցին հերքել Դավիթի տեղեկությունները, ոչ մի զորամիավորում չուղղվեց դեպի Մեղրի։ Ադրբեջանական բանակը, մինչդեռ, իսկապես հասել էր Հայաստանի պետական սահմանին, որը բացարձակ անպաշտպան էր մնացել։ Դավիթը, այդպես էլ չստանալով պետությունից որեւէ պատասխան կամ աջակցություն, ասաց, որ ստիպված Մեղրու պաշտպանությունը վերցնում է իր վրա եւ մի շարք հավատարիմ ընկերների հետ միասին գնաց սահման։ Նա եւ նրա ընկերները խրամատ էին փորում, երբ խոցվեցին բայրաքտարի հարվածով։
Առ այսօր այս պատկերն իմ աչքերի առաջ է։ Իր առաքելությունը ամբողջովին ձախողած պետություն եւ Դավիթը, որին իր անողոք խիղճը նորից ստիպեց ընդունել իր վրա ամբողջ պատասխանատվությունը եւ մի վերջին հուսահատ սխրանքով փոխարինել այդ ձախողված պետությանը։ Իմ աչքերի առաջ նաեւ ադրբեջանցիների հետ իննսունականներին բանակցող Դավիթ Մաթեւոսյանն է, որի ամբողջ կեցվածքում երեւում է իր թիկունքում կանգնած հզոր պետության համար հպարտությունը։ Այս երկու պատկերը շատ բան են ասում մեր երկրում կատարվածի մասին։
Մենք բոլորս՝ իր զինակիցները, մեր ազգը, պետությունը, որն այդպես էլ չկարողացավ ըստ արժանվույն գնահատել իր լավագույն քաղաքացուն, պարտք ենք մնացել Դավիթին։ Այսօրվա շնորհանդեսը, հրապարակված գիրքը այդ պարտքի մի չնչին փոխհատուցումն է, բայց մենք այսօր երջանիկ ենք թեկուզ այդ չնչին փոխհատուցմամբ, որովհետեւ լոյս աշխարհ է եկել Դավիթ Մաթեւոսյան ազգային հերոսին նվիրված մի հոգեւոր հուշարձան, որը սերունդներին կպատմի նրա խոհերի, գործերի եւ սխրանքների մասին»։
2022թ.