«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

«Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույց. Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է

«Մամուլի ազատությունն աշխարհում» զեկույց. Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է

Հայաստանը 180 երկրների շարքում 61-րդն է: Հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության  «Մամուլի ազատությունն աշխարհում 2020» զեկույցը:

Մամուլի ազատությունն աշխարհում. 2020 թվականի զեկույցը, ըստ Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության, կանխատեսում է, որ եկող տասնամյակը լինելու է լրագրության ապագայի համար որոշիչ, երբ նոր կորանավիրուսը լրացնում է աշխարհում առկա մյուս ճգնաժամերին:

Այսօր հստակ կապ է նկատվում մամուլի ազատությունը ճնշելու եւ կորոնավիրուսի դեմ իրագործվող գործողությունների միջեւ, երբ մի շարք երկրներում մեծ գրաքննության է ենթարկվում վիրուսի հետ կապված տեղեկատվությունը, երբ համաճարակի շուրջ պարզաբանումներ կատարելու համար իրենց երկրներից հեռացնում են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների: Նույնիսկ Եվրոպայում, մասնավորապես Հունգարիայում ընդունվում է օրենք, ըստ որի մինչեւ հինգ տարվա ազատազրկման կարող են ենթարկվել կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ մեղադրվողները:

Մամուլի ազատությունը գնահատելիս` հաշվի է առնվում բազմակարծությունը, մամուլի անկախությունը, լրատվամիջոցներին տրված հնարավորությունները եւ ինքնագրաքննության աստիճանը, թափանցիկությունը եւ այն ենթակառույցների որակը, որով ապահովվում է նորությունների ու տեղեկատվության թողարկումը:

Ըստ մայրցամաքների, Եվրոպան շարունակում է համարվել ամեանմատչելի վայրը լրատվության ազատության հարցում, չնայած Եվրամիության անդամ որոշ երկրներում եւ Բալկաններում առկա ճնշումներին: Եվրոպային հետեւում են Հյուսիսային, Կենտրոնական ու հարավամերիկյան երկրները:

Հայաստանում ԶԼՄ-ների բազմությունը, ըստ զեկույցի, մեծացել է, սակայն թավշյա հեղափոխությունից հետո կառավարությանը դեռեւս չի հաջողվել նվազեցնել մամուլի բեւեռացումը: Հեռուստատեսային ալիքների խմբագրական քաղաքականությունը համապատասխանում է դրանց սեփականատերերի շահերին: Լրագրողական անկախությունն ու մամուլի թափանցիկությունը դեռեւս շատ հեռու են իրականություն լինելուց: Լրագրողներ` առանց սահմանների կազմակերպության ամենամյա զեկույցում նշվում է, որ Հայաստանում մտահոգիչ հանգամանք է ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների մասնակցության փաստը: Սակայն հետաքննող լրագրությունը երկրում ծաղկում է ինտերնետում, որը մեծ դեր է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում:

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւը ‘’անկոտրում պատերազմ’’ է մղում ընդդեմ իր քննադատների, ասված է ‘’Մամուլի ազատությունն աշխարհում’’ ամենամյա զեկույցում, որը նաեւ դատապարտում է անկախ լրագրողների ու բլոգերների բանտարկության փաստերը, լրագրողներ, որոնք հաճախ ենթարկվում են սպառնալիքների ու շանտաժի:

Վրաստանում մամուլը բազմակարծիք է, սակայն նաեւ` շատ բեւեռացված: Վերջին տարիներին ընդունված բարեփոխումները դրական ազդեցություն գործել են թափանցիկության առումով, սակայն սեփականատերերը դեռեւս իրենց վերջնական խոսքն ունեն բովանդակության առումով:

Ոստիկանական բռնություններն ընդդեմ լրագրողների դարձել են ավելի հազվադեպ, սակայն դրանք շարունակում են իրենց գոյությունը եւ զուգակցվում սպառնալիքների հետ: Այստեղ դեռեւս չի ստացվել այն հարցի պատասխանը, թե ինչ հանգամանքներում 2017 թվականին առեւանգվեց ու Ադրբեջանի իշխանություններին հանձնվեց ադրբեջանցի այլախոհ լրագրող Աֆգան Մուխթարլին:

Իրանը համարվում է աշխարհում մամուլի նկատմամբ ամենախիստ ճնշամիջոցները կիրառող երկրների շարքում: Անցած քառասուն տարիների ընթացքում այստեղ ձերբակալվել է առնվազն 860 լրագրող, երկիր, որն ըստ զեկույցի, մեծ վերահսկողություն է սահմանել լրատվության բնագավառի վրա: Իրանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ուժեղ ճնշումների արդյունքում աճել է սոցիալական լրատամիջոցներում անհատ լրագրողների թիվը, որոնք այստեղ են պայքար ծավալում հանուն անկախ տեղեկատվություն տարածելու:

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է ‘’վհուկաորսը մամուլի ասպարեզում’’, ասված է ‘’Մամուլի ազատությունն աշխարհում. ՜2020’’ զեկույցի մեջ, ըստ որի մամուլի բազմակարծությունից այստեղ գրեթե ոչինչ չի մնացել: Թուրքիան, ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, աշխարհում արհեստավարժ լրագրողներ ամենաշատը բանտարկող երկիրն է: Այստեղ մինչեւ դատավարությունը լրագրողներին կալանքի տակ մեկ տարի պահելու հանգամանքը սովորական երեւույթ է դարձել, երկիր, որտեղ լրագրողների նկատմամբ կայացվում են երկարաժամկետ պատիժներ, նույնիսկ ցմահ ազատազրկման մասին դատավճիռներ: Այստեղ փակվել են մամլո տասնյակ գործակալություններ, իսկ առցանց գրաքննությունը հասել է աննախադեպ մակարդակի: Թուրքիայում իշխանությունները փորձում են վերահսկողության տակ առնել նաեւ առցանց տեսագրությունները:

Ռուսաստանում գործում են օրենքներ, որոնք արգելափակում են նույնիսկ ինտերնետը: Անկախ լրատվամիջոցներից շատերն իրենց վրա իրագործված ճնշումների արդյունքում հայտնվել են վերահսկողության տակ կամ` դադարել գոյություն ունենալուց:

Արտահաստիքային լրագրողներն այստեղ կանգնած են ‘’օտար գործակալ’’ որակվելու վտանգի առջեւ, պիտակ, որը տրվել է Ռուսաստանում մի շարք լրատվամիջոցների ու մարդու իրավունքների պաշտպան ոչ կառավարական կազմակերպությունների: Իսկ Ղրիմից ու Չեչնիայից, որոնք համարվում են ‘’սեւ անցքեր’’, միայն հասնում են կցկտուր լուրեր:

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարները եւ սպանությունները շարունակվում են Ռուսաստանում ու հաճախ մնում անպատիժ:

Ըստ զեկույցի, չորրորդ տարին անընդմեջ 2020 թվականին Նորվեգիան շարունակում է գլխավորել մամուլի ազատության սանդղակում, որին նորից հետեւում է Ֆինլանդիան: Դանիան երրորդ տեղում է, Շվեդիան` չորրորդ:

Ցանկի ամենավերջին տողը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան` հայտնվելով 180-րդ տեղում: Նրանից մեկ սանդղակով առաջ է Թուրքմենստանը, վերջից երրորդ տեղում` Էրիթրիան: