«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. «Ներդաշնակ ճահճի ճարտարապետը»

Մեսրոպ Հարությունյան. «Ներդաշնակ ճահճի ճարտարապետը»

Ալիք Մեդիա. «Իր վերջին «սուսուլիս»-ում Նիկոլ Փաշինյանը մի միտք ասաց, որը, կարծես, վրիպել է շատերի ուշադրությունից, բայց որը պետական կառավարման համակարգի՝ նրա պատկերացրած ապագան է նախագծում։

Խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին՝ Փաշինյանը, մասնավորապես, ասաց հետեւյալը. «Այո՛, ՔՊ խմբակցությունն է ընտրելու ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունն ասել. կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջեւ լինի քաղաքական ներդաշնակություն։ Առավել եւս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ…»:

Նորմալ, ժողովրդավարական երկրներում ոչ մի, կրկնում եմ՝ ո՛չ մի ղեկավար երբեք չի խոսի իշխանության տարբեր թեւերի «ներդաշնակության» մասին, որովհետեւ քաղաքագիտության, առավել եւս պետական քաղաքականության մեջ չկա այդպիսի հասկացություն։ Կան, գործում են իշխանությունների տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ հսկողության սկզբունքները։

Ի դեպ, հատուկ Նիկոլ Փաշինյանի ու նրա դամքաշների համար մեջբերենք ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը, որը Հայաստանում էլ իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում է սահմանում։

Հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ցույց տվեք այստեղ իշխանությունների ներդաշնակության մասին որեւէ, անգամ հպանցիկ, հիշատակում։

Իսկ Փաշինյանի պատկերացրած ներդաշնակությունը հատուկ է բռնապետական ռեժիմներին։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ի միակուսակցական համակարգում կառավարությունը, խորհրդարանը, իրավապահ համակարգն ու դատական իշխանությունը աշխատում էին «ներդաշնակ». բոլոր նրանք, որ խախտում էին այդ «ներդաշնակությունը», հայտնվում էին ճաղերի հետեւում։

Փաշինյանի պատկերացրած ներդաշնակությունը հենց դա է. երբ ինքն իրենով (իբր թե իր կուսակցությունը, բայց իրականում բազմիցս ապացուցել է, որ ինքը՝ միանձնյա) մարմնավորում է ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր, ե՛ւ դատական իշխանությունները։

Բայց եթե միայն խոսելով ու պատկերացրածով լիներ։ Փաշինյանը նաեւ գործնականում է դա անում։

Խորհրդարանն իրենն է. կառավարության ներկայացրած ցանկացած օրինագիծ հանգիստ ընդունվում է։ ՄԻՊ-ն արդեն իրենով արեց։ Նախագահը, որը գոնե համարձակվում էր մեկ-մեկ օրենք չստորագրել, բարեհաջող հանգրվանեց Լոնդոնում։ Հիմա նախագահ կկարգի իր մերձավորին (Արայիկ Հարությունյանը կլինի, թե մեկ ուրիշը, կարեւոր չէ), եւ իր պատկերացրած «ներդաշնակությունն» ապահովված է։ Իրավապահ համակարգը՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իր գրպանում են եւ իր հրահանգով «ասֆալտին են փռում», ում ինքը մատնացույց է անում։ Մնաց դատական իշխանությունը, դա էլ Փաշինյանի նկարին նայելով հեշտանք ապրող նախարարի ու ԲԴԽ-ի ձեռամբ արդեն կամաց-կամաց իրենով է անում։

Կառավարությունը (այսինքն՝ ինքն էլի՝ Նիկոլը) կարող է, օրինակ, մարդկանց իրավունքները սահմանափակող ցանկացած օրինագիծ ներկայացնել խորհրդարան. այն կընդունվի։ Ներդաշնակ ՄԻՊ-ը դրա դեմ առարկություն չի ունենա եւ չի դիմի Սահմանադրական դատարան, ներդաշնակ Նախագահն էլ հանգիստ, առանց դեսուդեն անելու կստորագրի այդ օրենքը։ Բողոքողներին ներդաշնակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բերման կենթարկեն, ներդաշնակ դատարանն էլ կուղարկի հայկական ԳՈՒԼԱԳ։ Եվ ահա այդպես ներդաշնակ-ներդաշնակ կաշխատեն։

Սակայն սա ոչ թե երկրին կայունություն կտա, ինչպես ենթադրում են Փաշինյանն ու նրա հպատակ ՔՊ-ական մեծամասնությունը, այլ երկիրը կդարձնի ճահիճ։ ԽՍՀՄ-ը վկա։

Իսկ ճահճում բարեկեցիկ ապրում են միայն գորտերը՝ «վերբալ» մանդատավորներն ու սրանց հետ փոխկապակցվածները։

Ժողովուրդն այդ ճահճում խեղդվել կարող է միայն։

Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում