Նիկոլի պատկերացրած Հայաստանն ու հասարակաց տան վարագույրները. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
«Առաջադեմ հասարակությունը» հերթական անգամ վրդովվել է, թե բա չեք ասի՝ Մնացական Մարտիրոսյանը դարձել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ Իրականում Նիկոլ Փաշինյանի այս քայլը վկայում է նրա բացառիկ սկզբունքայնության մասին և ամենայն հարգանքի է արժանի։ Մարդը կառուցում է իր պատկերացրած իշխանական համակարգը և գնահատում է կադրերի բացառապես պրոֆեսիոնալ որակները՝ առանց ավելորդ սեթևեթանքի և հուզականության։ Ասվածի մեջ հեգնանք չկա, ամենայն լրջությամբ ենք ասում։ Այլ հարց է, թե ինչպիսին է Նիկոլի պատկերացրած իշխանական համակարգը, բայց դրանում արդեն «մացոները» մեղք չունեն, դա հասարակության խնդիրն է։
Վերջին հաշվով՝ արատավոր իշխանական համակարգը, չնայած բարքերի որոշակի նմանությանը, էապես տարբերվում է հասարակաց տներից։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Հասարակաց տան եկամուտները տարեցտարի նվազում են, «պլանը չեն կատարում», սեփականատերն անընդհատ դժգոհում է, տնօրենն էլ արդարանում է՝ «դե էլ ի՞նչ անենք, մահճակալները թարմացրեցինք, վարագույրները թարմացրեցինք, պաստառները թարմացրեցինք», սեփականատերն էլ ասում է «աղջիկների՛ն թարմացրեք, աղջիկների՛ն»։ Մինչդեռ իշխանական համակարգի դեպքում ճիշտ հակառակն է՝ պիտի «կահույքն ու վարագույրները թարմացնել», իսկ ահա կադրերին ձեռք տալը ցանկալի չէ․ ինչքան «քյարթու» և փորձառու, այնքան լավ։
Առավել ևս, որ կադրերը չեն հերիքում։ Ընդ որում՝ «հեղափոխական իշխանությունների» մոտ «մացո» կամ «օսիպյան» աշխատելու ցանկություն ունեցողների պակաս չկա, պարզապես պրոֆեսիոնալիզմը չի հերիքում։ Որտեղ կադրերը հերիքում են՝ հները փոխարինվում են նորերով, որտեղ չեն հերիքում՝ օգտագործվում է «б․ у․ մատերիալը»։ Օրինակ՝ կարող եք կողք կողքի դնել Ալեն Սիմոնյանին և Էդուարդ Շարմազանովին ու փորձել գտնել երեք տարբերություն։ Հաստատ չեք կարողանա, հետևաբար՝ գործ ունենք լիարժեք «անալոգի» հետ։ Նույնը՝ Գալուստ Սահակյանի և Հովիկ Աղազարյանի, կամ Շմայսի և այսօրվա ԱԺ-ում սրան-նրան քացի տվող էն կլոր բանի դեպքում։ «Փոխարինիչները» գտնվել են, և նախկինների կարիքն այլևս չկա։ Իսկ եթե չեն գտնվում, բայց համակարգին «վիզ պետք է»՝ «մացոները» դառնում են արդարադատության ջահակիրներ, «դամբուլի չափ բռիլյանտներ ունեցող» օլիգարխների երբեմնի սազանդարները՝ հեղափոխական քարոզչության առաջամարտիկներ, Երևանի առանձին թաղամասեր «օսվենցիմների» վերածածները՝ իշխանությունների ստվերային ծախսերը հոգացող բարեխիղճ գործարարներ, և այլն։ Որովհետև ամեն մեկն իր ոլորտում պրոֆեսիոնալ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար սեփական իշխանության ամրապնդումը բառիս բուն իմաստով կենաց-մահու հարց է, հետևաբար՝ նա, ինչպես կյանքին վտանգ սպառնացող վիրահատության դեպքում, չի կարող իրեն թույլ տալ ռիսկի դիմել ու ստիպված է ապավինել պրոֆեսիոնալներին։
Բա ուրիշ ի՞նչ էիք ակնկալում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի երկրում, եթե, օրինակ, հակակոռուպցիոն դատարանի դատավորներ նշանակվեն իսկապես անկախ և սկզբունքային մարդիկ։ Մի քանի ամիս անց կառավարության անդամներից քանի՞սը կմնան ազատության մեջ։ Կամ պատկերացնո՞ւմ եք՝ ՔՊ ցուցակով խորհրդարան մտած լինեին իսկապես բանիմաց, պետական շահը գիտակցող և արժանապատվություն ունեցող մարդիկ։ Կառավարության անհեթեթ նախագծերից քանի՞սը «ադաբրյամսով» հավանության կարժանանային։ Կամ պատկերացրեք՝ խոշոր համայնքներում համայնքապետեր դառնային ոչ թե ուղնուծուծով ՔՊ-ականները, այլ նրանք, ում ընտրել են քաղաքացիները։ Երկրում «շունը տիրոջը չէր ճանաչի»։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: