«Քոչարյանը դեռ շատ է զայրանալու ու ինքնախոստովանի. շոկային բացահայտումներ կլինեն»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրին։
Դուք նշում եք, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում գրավն անթույլատրելի է, որովհետև նրա հնարավորությունները մեծ են և նա կարող է ներկա փուլում իրավիճակներ ստեղծել, որոնք կարող են ազդել այս գործի արդարադատության հանգամանքի վրա։ Ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Սեդա Սաֆարյանը պատասխանեց․
«Ես ավելի խորքային եմ վերլուծում Ռոբերտ Քոչարյանի անձը, և նկատի ունենալով այն, որ և՛ Մարտի 1-ից առաջ, և՛ Մարտի 1-ից հետո այդ մեծածավալ աշխատանքները, որոնք հետագայում ավարտվեցին հանցավոր դրսևորումներով, ուղեկցվել են հենց Ռոբերտ Քոչարյանի միանձնյա որոշումներ ընդունելու կարողության վրա։ Այդ միանձնյա որոշումները հետագայում դարձել են ճակատագրական։ Ուզում եմ հիշեցնել, որ Մարտի 1-ից հետո արտակարգ դրություն մտցնելով՝ նա Հայաստանում ոչ թե ինչ-որ հարց էր լուծում, այլ այդ արտակարգ դրությունը պետք էր առաջինը՝ հանրահավաքը ցրելու համար, և երկրորդը՝ որպեսզի Մարտի 1-ը հետագայում քննության առարկա չդառնա, և իրավապահները չկարողանան Մարտի 1-ը բացահայտել, ինչը հաջողությամբ նա իրագործեց»։
ՀԱԿ Իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց․
«Բազմաթիվ դատավորներ, որոնք իրենց վճիռներով օժանդակել են սահմանադրական կարգի տապալմանը, նախկին դատախազության ու քննչական մարմինների ներկայացուցիչներ այսօր պետք է ունենային նույն կարգավիճակը, ինչ Ռոբերտ Քոչարյանը։ Ես զարմանում եմ, որ Սեյրան Օհանյանը նման բան կարող է ասել։ Չէ որ նա փաստաբան ունի, որը կարող էր ի վերջո բացատրել Սեյրան Օհանյանին, որ այդ 10 զոհերը հետևանք են այն հանցագործության, որի մեջ մեղադրվում են նա, Ռոբերտ Քոչարյանը և մյուսները։ Այդ 10 զոհերը հետևանք են այն գործողությունների, որոնք կատարել են նա, Ռոբերտ Քոչարյանը և մյուսները։ Այդ մարդկանց մահվան պատճառ է եղել նաև Երևան քաղաք մտցված զինուժը, որի ոչ իրավաչափ ուժի կիրառման արդյունքում են այդ մարդիկ զոհվել»։
Իսկ փաստաբան Կարապետ Բադալյանն էլ ասաց․
«Ես երևի ձեռնպահ մնամ՝ դատարանը գրավը կիրառելու հիմքեր ո՞ւնի, թե՞ ոչ, որովհետև դա դատարանի որոշումն է։ Պարզապես մենք չպետք է մոռանանք, որ մենք մինչև հեղափոխությունը ապրել ենք ավտոկրատիկ ռեժիմում, որտեղ օրենքը բոլորի համար հավասար չի գործել, այլ գործել է մի մարդու կամ մի խումբ անձանց կամքի թելադրանքով, որին հնազանդ ծառայել են բոլորը։ Մարտի 1-ին մահաբեր զենքը եղել է զինվորների ձեռքին, որը հաստատվել է։ Իրենք էլ են ասում, որ ոստիկանությունը կիրառել է «Չերյոմուխա», իսկ մյուս զենքերի հետ կապված մենք ունենք Եվրոպական դատարանի վճիռները, որտեղ հստակ արձանագրված է, որ կառավարությունը չի ներկայացրել ապացույց, որ ցուցարարները զինված են եղել։ Այսինքն՝ մնացած արդարացումները միայն իրենց դեմքը փրկելու համար են, բայց դա էլ չի փրկելու նրանց։ Մի քիչ ավելի շատ ներվ ու ռեսուրս կպահանջվի, որպեսզի համբերատար գործն ավարտին հասցվի»։
Ամբողջական՝ սկզբնաղբյուրի տեսանյություն