ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել անհետ կորածների հարցով դիմումների վերաբերյալ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել՝ արձագանքելով արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին։
«Լիովին կիսում ենք այս մեծ ողբերգությանը բախված ընտանիքների վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինների, լիազորված միջազգային կազմակերպությունների հետ», - ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ հարցը գտնվում է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Հայտարարությունում նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը, որը զբաղվում է անհայտ կորածների հարցով, որով քաղաքացիներից շատերը դիմում են ՌԴ դեսպանությանը։
«Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: Կոնտակտային տվյալներ` ք. Երևան, Ուլնեցու 56/5։ "Թեժ գծի" հեռախոսահամար - 81-35», - գրված է հայտարարության մեջ։