Սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտոնյաները կարող են դիմակ չդնել
ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել դիմակ դնելու պարտադիր պահանջներում:
Սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են դիմակ չդնել։
Ըստ այդմ` դիմակ կարող են չդնել ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։