Սամվել Աբրահամյան. Թե ինպես Փաշինյանը տապալեց խաղաղության գործընթացը
Թե ինպես Փաշինյանը տապալեց խաղաղության գործընթացը
(կամ՝ արտաքին կառավարման ռեժիմ Հայաստանում)
Խաղաղության հարցն այսօր օբյեկտիվորեն գերիշխում է հայաստանյան օրակարգում։ Ընտրական գործընթացն էլ ավելի է սրում դրա կարևորությունը՝ դարձնելով այն քաղաքական ուժերի միջև բանավեճի գլխավոր թեմա։ Ի՞նչ պատկեր ունենք այս առումով։
Նախ, արձանագրենք, որ մինչ այս պահը առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր ուժերը հայտարարել են խաղաղության կողմնակից լինելու մասին։ Միակ տարբերությունն այն է, որ իշխանությունը պնդում է, թե արդեն իսկ բերել է խաղաղություն Հայաստանին, իսկ դրա պահպանումը կախված է բացառապես իր հետագա իշխանավարումից։
Հասկանալու համար, թե ի՞նչ իրավիճակ է իրականում և ի՞նչ պետք է անել հետագայում, կրկին դիմենք քաղաքականության տեսությանը՝ քաղաքագիտությանը։
Ըստ այդմ, նախկինում պատերազմած հարևան երկրների միջև կայուն խաղաղություն հաստատելը պահանջում է միաժամանակ մի քանի հիմնարար պայմանների ապահովում։ Պետք է կառուցել երկարաժամկետ անվտանգություն, փոխադարձ վստահություն և համակարգային համագործակցություն։ Դիտարկենք այդ պայմանները և գնահատենք առկա փաստացի իրավիճակը․
1․ Իրավական և ինստիտուցիոնալ հիմքեր․ Խաղաղությունը պետք է ամրագրվի հստակ մեխանիզմներով՝ խաղաղության մեծ պայմանագիր, տարբեր ուղղություններով համագործակցության պայմանագրեր, վեճերի լուծման կոնկրետ մեխանիզմներ։
- Այս պայմանը առկա չէ։ Ադրբեջանը ոչ մի կերպ չի համաձայնվում ստորագրել խաղաղության մեծ պայմանագիրը։ Ավելին, դրա համար առաջ է քաշում այլևայլ պահանջներ։
2. Փոխադարձաբար սահմանների ճանաչում, տարածքային պահաջներից հրաժարում, սահմանագծման իրականացում։
- Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է բավարարել նաև այս կարևոր պայմանը։ Իսկ տավուշյան փոքրիկ հատվածի սահմանագծումն իրականացավ միայնումիայն Ադրբեջանի պահանջով՝ նրան տարածքներ վերադարձնելու համար։
3․ Անվտանգության երաշխիքներ։ Յուրաքանչյուր կողմ պետք է վստահ լինի, որ իր անվտանգությունը պաշտպանված է։ Սա ներառում է՝ սահմանների վերահսկում, ապառազմականացված բուֆերային գոտիների ստեղծում, միջազգային դիտորդների տեղակայում։
- Թեև Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական խումբը, սակայն մի կողմից Փաշինյանը հրաժարվեց դիտորդական առաքելությունների ընդլայնումից (մերժելով ՀԱՊԿ դիտորդների զուգահեռ տեղակայումը), մյուս կողմից՝ Ադրբեջանը պահանջում է նույնիսկ Եվրամիության դիտորդական խմբի հեռացումը հայ-ադրբեջանական սահմանից։ Ադրբեջանը մերժել է նաև բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ Հայաստանի առաջարկը։
4. Տնտեսական փոխկախվածություն։ Երբ երկրների տնտեսությունները փոխկապակցված են, պատերազմը դառնում է վնասակար երկուսի համար էլ։
Առևտուրը, ներդրումները և համատեղ ծրագրերը ամրապնդում են խաղաղության պահպանումը։
- Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով մեկ-երկու գնացքներով հացահատիկի տեղափոխումը, կամ Ադրբեջանից մեկ-երկու խմբաքանակ բենզինի ներկրումը ամենևին տնտեսական փոխկախվածություն չէ, այլ պարզապես ընդգծում է Հայաստանի միակողմանի կախվածությունն Ադրբեջանից։
5․ Ժողովուրդների միջև կապեր և փոխադարձաբար թշնամանքի մթնոլորտի վերացում։ Մարդկանց միջև շփումները շատ կարևոր են՝ կրթական ծրագրեր, մշակութային, սպորտային կապեր, զբոսաշրջություն։ Առանց դրա ոչ մի խաղաղություն պարզապես հնարավոր չէ։
- Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր։ Մեկ-երկու ձևական փոխայցելություններից բացի ընդամենն այն, որ Ադրբեջանում նույն թափով շարունակվում է հակահայկական հիստերիան։
6․ Խաղաղության գործընթացի ազդեցիկ երաշխավորների առկայությունը։ Երրորդ կողմերը կարող են օգնել՝ ապահովելով չեզոք միջավայր, վերահսկելով պայմանավորվածությունների իրականացումը, խթանելով համագործակցությունը, թույլ չտալով ռազմական էսկալացիա։
- Այս պայմանը պետք է մյուսներից մի փոքր առանձին դիտարկել, քանի որ դրա առկայությունը պայմանավորված է կոնկրետ իրավիճակով։ Մեր պարագայում այն առանցքային նշանակություն ունի, ուստի քիչ անց դրան ավելի հանգամանալի կանդրադառնամ։ Առայժմ արձանագրենք միայն այն, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով՝ առանց երաշխավորների։
Ունենք ահա այս պատկերը։ Կրկնեմ, որ խաղաղությունը կայացած և անշրջելի կարելի է համարել միայն այն դեպքում, եթե վերը թվարկված բոլոր պայմանները միաժամանակ բավարարված են։ Այսինքն, եթե նշված պայմաններից թեկուզ մեկն առկա չէ, կնշանակի, որ խաղաղությունը դեռևս հաստատված չէ։ Ինչպես համոզվեցինք, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում բավարարված չեն անհրաժեշտ վեց գլխավոր պայմաններից և ոչ մեկը։ Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե նա հայ ժողովրդին խաղաղություն է բերել, մեղմ ասած սուտ է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը ոչ թե խաղաղություն է, այլ հետկոնֆլիկտային անկայուն, կամ ժամանակավոր փխրուն հավասարակշռություն՝ հակամարտության վերսկսման մեծ պոտենցիալով։
Հիմա ավելի մանրամասն անդրադառնամ վեցերորդ պայմանին, քանզի, ինչպես ցույց կտամ, այդ պայմանի բավարարված չլինելը մեր պարագայում անհնարին է դարձնում մյուս պայմանների բավարարման հնարավորությունը։
Հակամարտող կողմերի միջև ռազմակամ ուժի և ռեսուրսների խիստ անհամաչափության պայմաններում, երկկողմ (առանց միջնորդների և երաշխավորների) բանակցությունների միջոցով խաղաղության հաստատման գործընթացում հակամարտությունների համաշխարհային պատմությունը հստակ մատնանշում է երկու սցենար՝
1) եթե ուժեղ կողմը համարում է, որ ցանկացած պահի ռազմական էսկալացիան վերսկսելու պարագայում կարող է հասնել առավելագույն նվաճումների, ապա մշտապես օգտագործելով այդ կռվանը նա երկկողմ բանակցությունների ընթացքը պարզապես վերածում է իր պահանջների կատարման պարտադրանքի կամ դիկտատի (Power asymmetry+belief in victory→dictated peace)։ Առավելևս, եթե երկկողմ բանակցությունները հետևում են կողմերից մեկի անվերապահ հաղթանակին պատերազմում, ապա դրանք անխուսափելիորեն ընդունում են դիկտատի բնույթ,
2) եթե ուժեղ կողմը համարում է, որ հակամարտության վերսկսման դեպքում ավելիին հասնելու համար կպահանջվի անհամաչափ բարձր գին վճարել, հաստատվում է կայուն և երկարաժամկետ խաղաղություն (Mutual pain+uncertainty of victory→negotiated peace)։ Այսպիսով, խաղաղության հաստատման, կամ հակամարտության շարունակման որոշումը միշտ կայացնում է ուժեղ կողմը։ Համարեք սա աքսիոմատիկ ճշմարտություն։ Ուժեղի և թույլի բանակցություններում գործում է կամ դիկտատը, կամ թույլ կողմը պետք է ձգտի ապահովել այսպես կոչված «արտաքին խարիսխ»՝ ազդեցիկ երրորդ կողմ՝ երաշխավոր կամ երաշխավորներ։
Նկատի ունենալով, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը ներկայումս էլ ռազմակամ ուժի և ռեսուրսների առումով անգամներով գերազանցում է Հայաստանին, ուստի դժվար չէ նկատել, որ հայ-ադրբեջանական «խաղաղության բանակցությունները» մաթեմատիկական ճշտությամբ ընթանում են վերը նշված առաջին սցենարով։ Դրա լավագույն վկայությունը Ադրբեջանի չդադարող նորանոր պահաջներն են Հայաստանից, Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը և անթաքույց միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ Այդ շարքից են Զանգեզուրի միջանցքի, 300 000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, Սահմանադրության և զինանշանի փոփոխության, բանակի, սպառազինության և ռազմական ծախսերի կրճատման, անկլավները միակողմանի զիջելու, Ադրբեջանի կողմից գրավված տարածքների նկատմամբ վերջինիս իրավազորության ճանաչման, Հայ Առաքելական Եկեղեցին ըստ էության կազմաքանդելու, իշխանության փոփոխման անթույլատրելիության պահանջները։ Ու ազգակործանի լուռ հնազանդությունը և դրանք կատարելու պատրաստակամությունը։ Ու թե էլ ինչ նոր պահանջներ են նյութվում Ալիև-Փաշինյան կուլիսային բանակցություններում, միայն իրենց է հայտնի։ Վերը նշված կանոնի հաստատման լրացուցիչ ապացույց է նաև ժողովրդին պատերազմով ահաբեկելու Փաշինյանի հիստերիկ նոպան։
Այս իրավիճակը դեռ երկար, շատ երկար է շարունակվելու, ընդ որում՝ մշտապես կախված պատերազմի վտանգով։ Երբ երկու տարի առաջ Փաշինյանը առանց երկմտելու (հնարավոր է՝ կանխամտածված) համաձայնվեց Ալիևի առաջարկին (պահանջին)՝ խաղաղության բանակցությունները կառուցելու երկկողմ ձևաչափով, դրանով իսկ նա կատարեց հերթական (արդեն որերորդ) ճակատագրական սխալը (հանցանքը) Հայաստանի և ժողովրդի նկատմամբ։ Դուրս մղելով բանակցություններից այդ պահին առկա միակ երաշխավոր Ռուսաստանին և չներգրավելով այլ ազդեցիկ երաշխավորների (առնվազն անհրաժեշտ էր դիմել ՄԱԿ-ին՝ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը իր հովանու տակ առնելու խնդրանքով), պատուհասը ներքաշեց Հայաստանը փաստացի կապիտուլյացիայի դանդաղ, սողացող ընթացքի մեջ՝ երկրի ինքնիշխանության սահմանափակման և Ադրբեջանից վասալային կախվածության մեջ հայտնվելու հեռանկարով։
Այսպիսով, Փաշինյանը ոչ թե խաղաղություն է բերել Հայաստանի ժողովրդին, այլ ավելի է հեռացրել այդ խաղաղությունը և պայմաններ ստեղծել, որ Հայաստանը անչափ բարձր գին վճարի այդ «խաղաղության» համար։
Հրատապ անհրաժեշտություն է խաղաղության բանակցություններին երաշխավորի կամ երաշխավորների ներգրավումը։ Բայց Փաշինյանը, սխալը գիտակցելու պարագայում անգամ, չի կարող դա անել, քանզի նա սեփական սխալների և վախերի պատանդն է, իսկ այժմ նրա մտահոգության միակ առարկան ցանկացած գնով իշխանությունը պահելն է։ Նա նույնիսկ Հայաստանի վարչապետն էլ չէ այսօր, այլ աստիճանաբար վերածվում է արտաքին կառավարիչի՝ դրածոյի (մարիոնետի)։
Հետևաբար, իշխանափոխությունը այլևս պատմական անհրաժեշտություն է, եթե հայ ժողովուրդն իսկապես ուզում է խաղաղություն և ինքնիշխանություն։
Ստեղծված իրավիճակից ելքեր անշուշտ կան, բայց դա մեկ այլ ծավալուն թեմա է։
Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան


