Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման պայմանագիր
ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:
«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։
Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։
Երկուստեք կարևորվել է նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։
Նախարար Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք այլ ձեռնարկությունների տաղավարներում։