Թելման Պետրոսյան. Բաց նամակ Հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին
Բաց նամակ Հիմնադիր Մեծարգո պարոն Նախագահին Լևոն Տեր-Պետրոսյան
«Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։
Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության»։ Լևոն Տեր-Պետրոսյան:
Մեծարգո պարոն Նախագահ,
Ժամանակը անողոք է․ տարիները գալիս ու գնում են, սերունդները փոխվում են, իրականությունը վերափոխվում է, բայց իսկական հայրենասիրությունը երբեք չի ծերանում։ Անցել է արդեն տասներեք տարի այն խոսքից, որ Դուք արտաբերեցիք 2012-ին, և այսօր, երբ նայում ենք մեր շրջապատին, հասկանում ենք, որ Ձեր խոսքերը ոչ միայն չեն կորցրել իրենց արժեքը, այլ դարձել են առավել արդիական ու անհրաժեշտ։
Այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը տեսավ պարտություններ ու հիասթափություններ, սակայն տեսավ նաև նոր սերունդների ծնունդ, որոնք կրում են պայքարի ոգին։ Ձեր խոսքերն ու գործերը մեզ հիշեցրին, որ հայրենիքի հանդեպ պարտքը չի սահմանափակվում պաշտոնով կամ ժամանակով․ դա մի ամբողջ կյանքի ուղի է։ Դուք Ձեր կյանքով ապացուցեցիք, որ հայրենասիրությունը չի ճանաչում տարիքի սահման։ Որ 80 տարեկանում էլ հնարավոր է լինել պայքարի առաջնագծում՝ նույն վճռականությամբ, նույն մաքուր հավատով։
Մեր իրականությունը հաճախ դաժան է եղել։ Շատերն են փորձել մոռացության մատնել Ձեր արածը, ջուրը գցել Ձեր դրած հիմքերը։ Բայց ճշմարտությունը ջրից էլ ծանր է․ այն չի խեղդվում, այն միշտ բարձրանում է։ Եվ այսօր, երբ նայում ենք մեր երկրին ու նրա ապագային, ավելի պարզ է դառնում Ձեր անցած ուղու ու Ձեր թողած պատգամների իմաստը։
Դուք մեզ սովորեցրիք, որ զայրույթը պետք է վերածել ոչ թե մաղձի ու չարացածության, այլ ստեղծագործ ուժի։ Որ պայքարը պետք է լինի ոչ թե կործանարար, այլ հույսի աղբյուր։ Ձեր խոսքերը դարձան ճամփաբաց երիտասարդ սերնդի համար, որոնք այսօր ժառանգում են ոչ միայն գաղափարներ, այլև պատասխանատվություն։
Մեծարգո պարոն Նախագահ,
Ձեր անձը վաղուց արդեն անցել է քաղաքական սահմաններից․ Դուք դարձել եք պատմական-փիլիսոփայական խորհրդանիշ։ Ձեր տոկունությունը ցույց է տալիս, որ հայրենասերը չի հանձնվում, չի հոգնում, չի լռում, քանի դեռ երկիրը մնում է իրարանցումների ու փորձությունների մեջ։
Եվ եթե կան մարդիկ, որոնք համարձակվում են ուրանալ Ձեր արածը, անտեսել Ձեր պայքարը, մոռանալ Ձեր նվիրումը, թող այդ ուրացությունն առաջին հերթին իրենց վրա ծանրանա։ Թող նրանք չկարողանան տեսնել այն լույսը, որ Դուք վառեցիք այս հողի վրա։ Որովհետև ով ուրանում է հայրենասիրությունը, նա առաջին հերթին իրեն է դատապարտում մթության։
Խոնարհ հարգանքով՝ Թելման Պետրոսյան
Պայքար մինչև վերջ


