Վահե Գրիգորյանի նկատառումները 2018թ․-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ
Դեռ չեն հրապարակվել 2018թ․-ի Ազգային ժողովի պատգամավորների ընտրության մասնակցության եւ քվեարկության արդյունքները, սակայն մի քանի նկատառում արդեն կարող եմ անել մինչ այդ․
1․ Թե անձամբ քվեարկությանը մասնացելիս, թե մի բավականին ժամանակ ԿԸՀ կայքի միջոցով եւ ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությամբ եւ ընտրախախտումների ահազանգերի եւ այդ ընտրախախտումների բնույթը հաշվի առնելով ակնհայտ է, որ այս ընտրություններում թե՛ ընտրախախտումների մասին հայտարարությունների քանակը, թե՛ դրանց տեղակայվածությունը եւ տեսակներն ուղղակիորեն վկայում են, որ Հայաստանում այլեւս չի գործում մեկ կենտրոնի կողմից կառավարվող ընտրակեղծարարության համակարգը, իսկ այն նախկինում հովանավորող կամ այն հաշվենկատորեն անտեսող իրավապահ համակարգը գտնվում է ընտրողի կողքին եւ ի պաշտպանություն նրա իրավունքի (համենայնդեպս՝ մինչ այս պահը առակ տեղեկությունների համաձայն)։
2․ Այս ընտրությունների մասնակցության թիվը չի կարելի համեմատել 1998թ․-ից ի վեր անցկացված որեւէ քվեարկության մասնակցության թվի հետ։ Հիշեցնեմ, որ 1998թ․-ից ի վեր ընտրողների ստորագրված ցուցակների գաղտնիացման արդյունքում ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցության թիվը մշտապես հավելագրվել է ցուցակներում ընտրողների անունների դիմաց կեղծ ստորագրություններ դնելու եւ դրան սինխրոն քվեատուփերի լցոնումների (կամ երբեմն նույնիսկ առանց դրա) միջոցով։ 2017թ․-ի ԱԺ ընտրություններում, առաջին անգամ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացմամբ ցուցակների կեղծումն ու մասնակցության թիվն աղավաղելն անհնար դարձավ։ Սակայն, նույն նպատակի համար ընտրողներին տարբեր հնարավոր ապօրինի միջոցներով ընտրատեղամասեր բերելու նոր պրակտիկա հիմնվեց։ Այլ խոսքով՝ քվեատուփերը քվեաթերթիկներով լցոնման պրակտիկան փոխարինվեց ընտրատեղամասերը քվեարկողներով լցոնելու պրակտիկայով։ Ամենայն վստահությամբ կարելի է արդեն պնդել, որ այս երկու գործելաոճերն այլեւս բացառված է այս ընտրություններում։
3․ 2-րդ կետի արդյունքը լինելու է մեր պետության պատմության մեջ ամենաքաղաքական եւ մասնակցային գործընթացի՝ (օրենսդիր) իշխանության ընտրության հարցում քաղաքացիների մասնակցության իրական թվի ճշտումը։ Սա հատկապես կարեոր է նաեւ այն իմաստով, որ մենք մինչ այսօր չունենք (հրապարակված) ամենաառաջնային եւ ելակետային ճիշտ տվյալը ցանկացած ընտրության համար վերլուծություններ եւ դրանց հիման վրա իրական պատկեր տեսնելու համար՝ Հայաստանում բնակվող ընտրողների ԻՐԱԿԱՆ ՔԱՆԱԿԸ։ Այս ընտրություններում մենք թերեւս տեսնելու ենք Հայաստանում ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող ընտրողների առաջին իրական թիվը։ Ես ինչպես եւ նախկինում բազմիցս պնդել եմ, դա ամեն դեպքում շատ ավելի նվազ է լինելու, քան 1998թ․-ից մինչ հիմա արձանագրված թիվը (նախկինում տարբեր ընտրություններում դա եղել է 1,4-1,6 միլիոն մասնակից)։ Եւ սա լինելու է թերեւս ամենաարժանահավատ ելակետային տվյալը, որը բազում այլ ոլորտներում պետք է համապատասխան փոփոխությունների համար հիմք ծառայի։
4․ Նկատում եմ նաեւ, որ ընտրությունների որակի նկատմամբ որեւէ մասնակից քաղաքական ուժ չունի որեւէ բողոք կամ վերապահում, առնվազն այս պահի դրությամբ։
5․ Այս ամենով հանդերձ, որքանով էլ, որ այս ընտրությունները լինեն մեր Սահմանադրության պահանջներին բավարարող, կարծում եմ, որ դրանով հանդերձ պետք է արձանագրվի, որ սա լինելու է այն նվազագույն նշաձողը, որից ավելի բարձր որակի պետք է ձգտել հետագա մյուս ընտրությունների/հանրաքվեների ընթացքում։
Ձեր հիշողությունը ընտրության մասնակցության վերաբերյալ տվյալների կեղծման մեխանիզմների նախկինում գոյության ապացույցներով թարմացնելու համար մի քանի հղումներ կտեղադրեմ ներքեւում 2015թ․-ի դեկտեմբերին Սահմանադրության փոփոխության հանրաքվեից եւ, եթե այսօր ժամանակս ների, նաեւ՝ 2017թ․-ի ընտրություններից։