Վահրամ Հովհաննիսյան. Սա է պետք հիշեցնել...

Փաշինյանը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը դեռ չի չեղարկել, որի 9-րդ կետի համաձայն Մեղրիի ճանապարհը պիտի վերահսկվի ՌԴ ԱԴԾ Սահմանային զորքերի կողմից, բայց արդեն հասցրել է մի այլ եռակողմ հռչակագրով նույն ճանապարհի վերահսկողությունը խոստանալ ԱՄՆ-ին: Եթե նաև հաշվի առնենք Իրանից արդեն հնչած սպառնալիքները ռազմական ուժի գործադրմամբ ամերիկյան վերահսկողությունը կանխելու մասին, ապա ստանում ենք մի պատկեր, որտեղ անհնար է խուսափել առնվազն մեկ գերտերության ուժային հակազդեցությունից:
Սա է պետք հիշեցնել, երբ այն հարցին, թե Հայաստանն էս չդադարող միակողմանի զիջումների շքերթից ի՞նչ է շահում, հակադարձում են, թե իբր խաղաղություն ենք ստացել, թե իբր Ադրբեջանն այլևս չի հարձակվի:
Բացի դրանից, չմոռանանք, որ միջանցքը տալու գնով Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր էր նաև այն ժամանակ, երբ դեռ Արցախը կար ու Լաչինի միջանցքը բաց էր:
Եթե որևէ անաչառ մարդ փորձեր ազնվորեն ամփոփել մեր պետության վերջին տարիների ընթացքը, նա պիտի արձանագրեր, որ հայ ժողովուրդը զոհաբերեց Արցախը, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի համար նախատեսված միջանցքը կոչվի «Թրամփի» և ոչ թե «Պուտինի միջանցք»: