Վանո Սիրադեղյան. Ինչի՞ էին ձգտում «Արցախի իշխանությունները»
Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, հասկանալի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցախի իշխանությունները» Հայաստանի «ազգային-կոմունիստական-ժողովրդավարական» եռասեռ կողմնորոշման կուսակցությունների հետ, երբ սկսած զինադադարից՝ վիժեցնում էին նախագահի կանխարգելիչ ծրագիրը՝ համարելով դա պարտվողական:
Գիտակցո՞ւմ է Քոչարյանը թե ինչ է ստորագրել Ստամբուլում: Թերեւս, գիտակցում է: Իսկ գիտակցո՞ւմ էր այն ժամանակ, երբ վիժեցնում էր նախագահի ծրագրերը, ապա եւ՝ գործի էր դրել իշխանությունը զավթելու մեխանիզմը: Համոզված կարելի ասել՝ ոչ: Որովհետեւ թե՛ ինքը, թե՛ իր գաղափարակից տղերքը զմայլված էին իրենք իրենցով, որ դեսպանատներում իրենց մարդատեղ են դնում, որ մարդամեջ են մտնում միջազգային մանր-մունր հավաքներում եւ անհետեւանք շաղակրատում «ընդհանուր պետություն», «զուգահեռ հարաբերություններ» եւ այլ անհեթեթություններով: Եւ որ զրուցակիցները քաղաքավարությամբ լսում էին, դրանից եզրակացնում էին, թե քաղաքագիտության եւ դիվանագիտության ասպարեզում նոր խոսք են բերել Ֆիզուլու կողմից: Չէին մտածում, որ ունկնդիրները այդպիսի բաներ հարյուրավոր անգամներ լսել են Աֆրիկայի ու Համաշխարհային օվկիանոսի կղզիների վայրենիներից: Եւ իհարկե, իրենց հաշիվ չէին տալիս, որ լսելով են հավաքագրում դավադիրներին ու դավաճաններին: Եւ ոչ միայն լսում, այլեւ շիրա էին տալիս, որ անզիջում լինեն: Չէ՞ որ սրանց անզիջում լինելը խափանում էր Հայաստանի իշխանությունների ծրագիրը, ինչը դժվարություններ կստեղծեր Ստամբուլի փաստաթուղթը մշակողների համար:
Հետեւանքը եղավ այն, որ «անզիջումը» գնաց եւ ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում ամրագրող փաստաթուղթը:
Վանո Սիրադեղյան.
«Վիրտուալ հայրենիք. ճակատագրի հեգնանքը». 2000թ.