«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Վարդան Հարությունյան. Հին բարքերը կրող մարդը նոր ժամանակներում տեղ չպետք է ունենա

Վարդան Հարությունյան. Հին բարքերը կրող մարդը նոր ժամանակներում տեղ չպետք է ունենա

Կարդացի  Լեւոն Բարսեղյանի  երկարության պատճառով կարդալու չտրամադրող, բայց կարդալու անհրաժեշտություն պահանջող պատմությունը։ Մեկ նախադասությամբ միտքը սա է․ եթե ցանկանում ենք առաջ գնալ, եթե ցանկանում ենք հաջողել, եթե ցանկանում ենք խուսափել տեղապտույտից, ապա մեր արատավոր անցյալի ու ներկայի միջեւ պետք է հստակ սահման գծվի, եւ բոլորը չեն, որ այդ սահմանը հատելու ու նոր իրականություն անցնելու իրավունք պետք է ունենան։ Այդ հստակ գծված սահմանը հատելու ու նոր իրականություն գալու համար նախկին իրականության լուրջ դերակատարը պետք է ձերբազատվի իր հին կերպից, պետք է ինքնամաքրվի։ ("Ինչպես անել"-ը այլ զրույց է)։ 

Ես՝ սկսած 90-ականներից այս մասին խոսել ու գրել եմ հաճախ։ Իշխանությունները չեն լսել։ Չեն ցանկացել/ցանկանում լսել։ Իշխանությունների ու իշխանավորների համար, պարզվում է, շատ ավելի հեշտ է չգնալ պահանջվող միակ ճիշտ այդ քայլին, քան գնալ ու մի փոքր բարդացնել սեփական կյանքը։

Իշխանավորների համար, պարզվում է, ավելի ընդունելի են պալատների միջանցքներում ինքնադրսեւորվելու (շողոքորթելու ու սողալու) փորձ ունեցող նախկինները, քան հանդուգն, համարձակ, սեփական գինն իմացող, իրեն տեր զգացող նորեկը։ Էս հանդուգնի հետ բարդ է լինելու, իսկ հները պլաստիլին են, իշխանավորն ինքն է նրանից իր ուզածը ծեփում, երեկ՝ գործ սարքող ու միշտ հավատարիմ, այսօր՝ օրենքով աշխատող ու միշտ հավատարիմ։ 
1980-ին ինձ ու իմ ընկերներին՝ անկախ Հայաստան պահանջելու կամար դատապարտած դատավոր-դատախազները 1991-ից հետո մնացին ու Անկախ Հայաստանում լուրջ պաշտոնյաներ դարձան, բարգավաճեցին ու իրենց բացասական հետքը թողեցին ու իրենց կնիքը դրեցին մեր հետագա ողջ ընթացքի վրա։ Մեր գործով քննիչը, անկախ Հայաստանում դարձավ դատավոր ու դատարանի նախագահ, ու արդեն մեր օրերի քաղաքական դատերն էր վարում։

Այս թեմային անդրադարձող մարդ վրեժ չի, որ պահանջում է։ Անգամ պատժել-դատել չի պահանջվում։ Ընդամենն ասվում է՝ որ հին բարքերը կրող, հին բեռից չազատված, հին պատկերացումներով ապրող մարդը նոր ժամանակներում տեղ չպետք է ունենա։ 
Հակառակ դեպքում տեղապտույտն անխուսափելի է, անհաջողությունն անխուսափելի է, սխալ տեղ գնալու հավանականությունը 100 տոկոսին է մոտենում։

Վարդան Հարությունյան