ԱՀ ԱԱԾ. Տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն (տեսանյութ)

Արցախ 15.10.2021   15:01   251

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը կրակում հայկական դիրքի ուղղությամբ։

«2020թ. հոկտեմբերի սկզբներից սկսած ադրբեջանական կողմը միտումնավոր թույլ է տալիս 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտում և արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում իրականացնում է սադրիչ գործողություններ: Դրանք մեկնարկել են Մարտակերտ քաղաքում քաղաքացիական խաղաղ բնակչի սպանությամբ և շարունակվել շփման գծի տարբեր հատվածներում:

Եթե նախկինում կրակոցները հաճախ կրել են նախազգուշական նպատակ և ուղղված չէին հայ զինծառայողներին, ապա վերջին օրերին կտրուկ փոփոխվել է կրակոցի ուղղությունը` որպես թիրախ ընտրելով արդեն մարդկային կյանքերը: Երեկ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախային գնդակոծության է ենթարկվել նույն գյուղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով դրա մոտակայքում տեղակայված հայկական դիրքը: Դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրվել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկների կողմից (տեսանյութը կցվում է):

Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար:

Միաժամանակ կրկին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ չստուգված, հեռախոսազանգերի միջոցով որոնված թերի կամ իրականությանը բացարձակապես չհամընկնող տեղեկությունները հանրայնացնելու անընդունելի և անտրամաբանական մոտեցումներից:

Անհրաժեշտ է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած սուտ կամ կեղծ տեղեկություն ուղիղ հարված է սահմանային մեր բնակավայրերի խաղաղ բնակիչների անվտանգությանը, նրանց հոգեկան առողջությանը, նպաստում է խուճապ և առավել վտանգավոր այլ հետևանքներ առաջացնելուն»:

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ-ի սանիտարական մեքենան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ԱԱԾ, ՊԲ, Արցախ, Արտակ Բեգլարյան, Ասկերան, ԼՂ, Նոր Շեն, Հարավ գյուղ, Մարտունի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon