Առավոտ. Նախընտրական խրախճանք՝ «ժանտախտի» ժամանակ

Քաղաքական 18.06.2021   18:00   281

 «Առավոտ»-ը գրում է. «...Հայաստանում հունիսի 20-ի քվեարկությունից առաջ մնում է ընդամենը մեկ անհերքելի փաստ արձանագրել. բացառությամբ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրապայքարի մեջ մտած որեւէ քաղաքական ուժ ու գործիչ չի պատկերացնում ու գիտակցում Հայաստանի անելանելի վիճակն իր ողջ խորությամբ: Որեւէ մեկն այդպես էլ չբացատրեց, ինչպես է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ինչպես է փորձելու պահպանել հայկական մնացած Արցախի փոքրիկ հատվածը, առհասարակ, ոչ ոք չպարզաբանեց, թե իր պատկերացմամբ՝ ո՞ւր է շարժվելու Հայաստանը եւ ինչպես:

Անհերքելի, ակնառու փաստ է՝ բոլորին, բացի Լ. Տեր-Պետրոսյանից, անհրաժեշտ է ընդամենը ԱԺ-ում ներկայություն ապահովել, բոլորին Հայաստանի կործանման վտանգից հինգ պակաս՝ պատել է իշխանատենչությունը: Միայն Տեր-Պետրոսյանն է մտել ընտրապայքար, որպեսզի հնարավորություն ունենա բացատրելու քաղաքական ուժերին, հասարակությանը, թե ինչ ծանր ու բարդ դրության մեջ է հայտնվել Հայաստանը:

Վերջերս մոդայիկ էր դարձել, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները իշխանությանը քննադատելիս, իրենց փորձելով զատել իշխանությունից, մեղադրում էին, թե իշխանության հենարանը «ժեխն» է:

Հայաստանում, եթե որոշ քաղաքական գործիչների, փորձագետների եւ համացանցային մտածողների պատկերացմամբ կա մի ընտրազանգված, որին նրանք «ժեխ» են անվանում, նրանք բոլորը պետք է գիտակցեն ու խոստովանեն, որ հենց մեր «քաղաքական դաշտ» կոչվածն է այդ «ընտրազանգվածին» ստեղծել ու այսօր էլ շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի այդ «ընտրազանգվածը» իրատես, խոհեմ հասարակություն չդառնա, որովհետեւ, եթե այդպիսին դառնա՝ այդ «քաղաքական» ուժերը, գործիչները, փորձագետները, համացանցային մեկնաբաններն անելիք պարզապես չեն ունենա՝ հանդիսատես չեն ունենա:

Հետպատերազմյան Հայաստանում ծավալված նախընտրական ընտրապայքարն իր ողջ թշվառությամբ ապացուցեց, թե որքան անհամարժեք են հայաստանյան քաղաքական ուժերը, որքան հեռու են նրանք Հայաստան պետությունից, պետականության ու ազգային շահի գիտակցումից»

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էմմա Գաբրիելյան, ընտրաքարոզ, «Առավոտ», Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon