Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել

Պաշտոնական 28.12.2020   17:30   152

Ադրբեջանական կողմը չի թույլատրել այսօր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության իրականացնող 3 խումբ մեկնել է Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու։ Սակայն մինչ այս պահը որևէ կապ չէր հաջողվում հաստատել նրանց հետ։ Քիչ առաջ կապ հաստատեցինք, և ասացին, որ նրանց չեն թույլատրել մտնել Հադրութի տարածք»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան թույլտվություն եղել է Հադրութում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Թադևոսյանն ասում է` խմբերը գնացել են մինչև Դրախտիկ գյուղ (Մարտունուց դեպի Հադրութ առաջին գյուղն է), և պետք է ինչպես դիեր, այնպես էլ ողջերի փնտրեին։ Խմբերին մի քանի ժամ սպասեցրել են, որից հետո հայտնել` Հադրութ այսօր չեն մտնելու։

Հարցին, թե սա առաջի՞ն դեպքն է, որ հետ են ուղարկում որոնողափրկարարական խմբերին, Թադևոսյանը պատասխանել է, որ ոչ, նման դեպքեր էլի են եղել։ Այսինքն` ամեն անգամ, երբ ինչ–որ միջադեպ է եղել սահմանապահների կամ զորքի միջև, նորից դադարեցրել են, սակայն կամ կանխավ են զգուշացրել, որ պետք է չեղարկվեն աշխատանքները, կամ էլ գոնե կես ճանապարհից են հայտնել այդ մասին։

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, որ իր վերահսկողության ներքո գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։ Թե որքանո՞վ սա կարող է կապ ունենալ Հադրութում որոնողափրկարարական աշխատանքների չեղարկման հետ հարցին Թադևոսյանը պատասխանեց, թե կա վարկած, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի խորքում մնացած զինվորներ կան։

«Սա ամենահավանական վարկածն է, որն այս պահին քննարկվում է, և գուցե հենց այս պատճառով էլ չեն թույլատրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել այս տարածքում»,–ասել է Թադևոսյանը։

Նա հավելել է նաև, որ մինչ այս ոչ միայն Տող գյուղի ներսում, բնակարաններում, նկուղներում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվել, այլ նաև գյուղի անտառային և լեռնային հատվածներում։ Սակայն այդ հատվածում ողջ մնացածների հետքեր չեն եղել, բացի երկու քաղաքացիներից, որոնց վերջերս են հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը` հայտնելով, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         որոնողափրկարարական աշխատանքներ, ԼՂ, անհետ կորածներ, Հադրութ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon