«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հովհաննես Թումանյան. «Մենք դեռ լավ չենք տեսնում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք և որը, դեռ չի վերջացել»

Հովհաննես Թումանյան. «Մենք դեռ լավ չենք տեսնում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք և որը, դեռ չի վերջացել»

Լուսանկարը՝ 4rd.am

«...Ասում եմ՝ կառավարությունների եւ ժողովուրդների, որովհետեւ դրանք ջոկ-ջոկ բաներ են իմ կարծիքով։ Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ 
Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։
Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել...

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել»։

Հովհաննես Թումանյան

«Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը». 1921 թ.