Կարպիս Փաշոյան. «Անկառավարելի ռազմաճակատ․ պարտվե՞լ, թե՞ անձնատուր լինել»

Խոսք 07.10.2021   18:00   231

Ալիք Մեդիա. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանի Հանրապետության պատմության թերեւս ամենասարսափելի աղետն է։ Պետությունը մի քանի օրերի ընթացքում դուրս շպրտվեց իր պատմական ընթացքի տրամաբանությունից եւ վերադարձվեց այն կետին, որտեղից մեկնարկել էր, այսինքն՝ 1988-1990 թվականներ։

Փաստացի 30 տարվա բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները փոշիացան։ Բայց վերադառնալ ամենեւին էլ չի նշանակում հայտնվել անցյալի նույնական կետում։ Պատկերավոր ասած՝ մենք հիմա շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեր ՀՀՇ-ական հայրերն էին 1990-ականներին, եւ մի փոքր ավելի լավ վիճակում, քան դաշնակցական պապերը 1921-ին։

Կասկածից դուրս է, կատարվածի գլխավոր եւ հիմնական մեղավորը օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն է, այլ ոչ թե անորոշ եւ անդեմ անցյալը։ Նույնիսկ ավտորիտար, կոռումպացված, օլիգարխիկ, սոցիալական անարդար, անիրավ համակարգով հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից, ավելին՝ դրանք բոլորը ենթակա էին շտկման եւ խմբագրման, բայց այն, ինչ Հայաստանի հետ արեց փաշինյանական վարչակազմը, անդառնալի է եւ անուղղելի։

Սրանից դուրս բերվող ցանկացած արդարացում ընդամենը էժանագին դեմագոգիա է՝ արդարանալու խղճուկ եւ թշվառ մտայնություն։

Արդեն իսկ ապացուցված է, որ պատերազմն ամենեւին էլ անխուսափելի չէր, այն կարող էր եւ չլինել։ Փաստն այս ամենայն մանրամասնությամբ եւ հետեւողականությամբ հիմնավորել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պատմաբան եւ դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը եւ շատ ուրիշներ։ Այս առումով այլեւս ավելացնելու ոչինչ չկա, եւ ես զերծ կմնամ արդեն իսկ ասվածը նորից վերարտադրելու գայթակղությունից։

Բայց այստեղ ի հայտ է գալիս մյուս տրամաբանական հարցադրումը. եթե Հայաստանի իշխանություններն իրենց սխալ քաղաքական կուրսով եւ ձախողված դիվանագիտությամբ պետությանը առաջնորդել են պատերազմի, ապա արդյոք ինքնին ենթադրվո՞ւմ է, որ դա անպայման պետք է հանգեցներ կապիտուլյացիայի։ Վստահաբար՝ ո՛չ, քանի որ հստակ ապացույցներ գոյություն ունեն այն մասին, որ վարչապետ Փաշինյանն առնվազն երկու անգամ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն ունեցել է։ Այս դրվագն էլ է մանրամասն հիմնավորված, եւ կարիք չկա մանրամասների մեջ խորանալու։

... Իմ համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը կարող էր այլ ընթացք ունենալ եւ այլ ելքով ավարտվել։ Խոսքը բնականաբար հաղթանակի մասին չէ։ Փոքրիկ Հայաստանն իր համեստ մարդկային եւ նյութական ռեսուրսներով իհարկե չէր կարող հաղթել թուրք-ադրբեջանական զորեղ ռազմական մեքենային, որը հրետանու եւ ավիացիայի գրագետ փոխգործակցությամբ առաջ էր շարժվում՝ կոտրելով հայկական դիմադրությունը։ Բայց չհաղթել դեռեւս չի նշանակում անձնատուր լինել, այսինքն՝ կորուստներն ու վնասները կարող էին ավելի քիչ լինել, իսկ պարտությունն էլ՝ ոչ այսքան նվաստացուցիչ։

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

Շարունակությունն՝ այստեղ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարպիս Փաշոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon