Մնացականյանը` ԱՄՆ–ում. «Լեռնային Ղարաբաղում հայերը ստիպված են կռվել միանգամից երեք հակառակորդի դեմ»

Պաշտոնական 24.10.2020   10:47   288

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շուրջ 90 000 արցախցի տեղահանվել է, կորցրել տունն ու ունեցվածքը: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է ԱՄՆ–ում, Ատլանտյան խորհրդում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում։

«Սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակման, ռմբակոծման, հրթիռակոծման, օդային հարձակման, այդ թվում` ԱԹՍ-ներից: Վնասվել են քաղաքացիական շուրջ 90 000 ենթակառուցվածքներ։ Մարդիկ ապրում են կրակի տակ: Եվ դա տեղի է ունենում ամեն օր, պարբերաբար»,- ասել է Մնացականյանը:

Նախարարը նաև հայտնել է, որ կան բազմաթիվ քաղաքացիական կորուստներ, ամեն օր ռմբակոծվում են հոսպիտալներ ու դպրոցներ: Նա շեշտել է, որ այս ամենը պետք է դադարեցվի:

Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը ստիպված են կռվել միանգամից երեք հակառակորդի դեմ, և որ ագրեսիան միայն Ադրբեջանի կողմից չէ։

«Ակնհայտ է Թուրքիայի ուղղակի մասնակցությունը, օտարերկրյա զինյալների ներկայությունն ու Ադրբեջանի դիմակայությունը հայերի դեմ։ Դա խորացնում է հակամարտությունն ու ճգնաժամը։ Այստեղ առանցքային հարցը մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունն է, նրանց գոյությունը։ Առկա է մշտական ագրեսիա, այսպես է եղել և նախկինում, բայց այլևս չի կարող շարունակվել»,– ասել է Մնացականյանը` հավելելով, որ հայկական կողմը ոչ մի պարագայում չի զիջի արցախցիների անվտանգությունը։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է անվանել Վաշինգտոնում ընթացող բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։

«Առավոտյան շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ գտնելու շատ կոնկրետ և կարեւոր նպատակների ուղիներ՝ հրադադարի ռեժիմի հաստատում, վերադարձ խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է Մնացականյանը ՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, «ավելի քան պարզ» են արտահայտվել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման պահանջով:

Զոհրաբ Մնասականյանը Վաշինգտոնում հանդիպել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, ԱՄՆ, Զոհրաբ Մնասականյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon