Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ընդգրկվել է ՀԱԿ-ի ընտրացուցակում. Aysor

Քաղաքական 31.05.2021   19:30   300

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ 101 հոգանոց ընտրացուցակում 14-րդ համարը ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն է, ում հետ Aysor.am-ը զրուցել է քաղաքականություն մտնելու որոշման մասին:

- Դուք մշտապես ակտիվ ռեժիսորական գործունեություն եք ծավալել: Ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնել ու սատարել հենց այս ուժին:

- Մտնում եմ քաղաքականություն, թե ոչ՝ դեռ պարզ չի, կյանքը ցույց կտա: Իսկ հարցի երկրորդ մասով կասեմ հետևյալը. պատմությունը ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին հայտնվել է այնպիսի իրավիճակում, ինչպիսին այսօր Հայաստանում է, ու դուրս է եկել այդ իրավիճակից հաղթանակած: Վստահ եմ, որ դա կրկնվելու է: Մեր երկիրը ճգնաժամի մեջ է, ու ես վստահ եմ, որ այս ճգնաժամից կարող է հանել այն ուժը, ղեկավարը, որն այս օրերին հանդես եկավ հստակ առաջարկով, թեև այդ առաջարկը մերժվեց: Ինչպես ինքն (Լևոն Տեր-Պետրոսյանը, հեղ.) է արտահայտվում՝ այսօր մեր երկիրը հրդեհի մեջ է, ու այդ հրդեհը պետք է մարվի: Իր նպատակն իշխանությունը վերցնելը չէ, այլ՝ հանդարտեցնել իրավիճակը, որում հայտնվել ենք մենք: Ու դա առաջնային նպատակ է: Ես կարծում եմ, որ մեր երրորդ հանրապետության ղեկավարներից նա միակն էր, ով չի ստել ու չի ստում, բոլոր ժամանակներում իրավիճակը ներկայացրել է այնպես, ինչպես կա, պարզապես մարդկանց մի մասը դա ընդունել է, մի մասը՝ ոչ: Ու հիմա, երբ 30 տարվա հեռավորությունից հետհայացք ենք գցում, տեսնում ենք՝ ինչ ասել է, ճիշտ է ասել: Այս ամենն է պատճառը, որ ես այսօր փորձում եմ լինել այս ուժի կողքին ու սատարել նրան:

- Ոմանց կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ վաղ անցյալի ու ներկայի մեջ գոյություն ունեցող այլընտրանքն է: Համաձա՞յն եք այդ մտքին:

- Այո, համաձայն եմ, ու կարծում եմ, որ այս ընտրություններին նրա մասնակցությունը նաև դրանով է պայմանավորված:

- Բայց հակադարձ կարծքը կա. այն է, որ Նիկոլը հենց Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստած կադրն է, ու նրանք միմյանց ավելի շատ սատարում են, քան խանգարում:

- Առաջին նախագահը մեկ անգամ չի, որ անդրադարձել է այդ խոսակցություններին ու փաստարկված հերքել: Նա շատ դիպուկ ու կոպիտ բնութագրում է տվել նրան՝ (Նիկոլ Փաշինյանին, հեղ.) անվանելով «ազգակործան պատուհաս»: Առավել ճիշտ բնութագիր հնարավոր չէր գտնել: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ վարչապետ ընտրվելու առթիվ չի շնորհավորել: 

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ժողովրդի վստահության քվեի մեծամասնությունը բաժին կհասնի ՀԱԿ-ին, կամ գոնե այնքանը, որ վերջինս հայտնվի օրենսդիրում:

- Իհարկե, հնարավոր եմ համարում: Ըստ իս, մեզ վստահված ձայները բավական լուրջ թիվ են կազմելու, ու մենք որոշիչ դեր ենք խաղալու մեր ազզի, երկրի կայունացման գործում:

- 2018-ին Դուք հեղափոխության ջատագովներից էիք, ժամանակին անվերապահորեն հավատում էիք Նիկոլ Փաշինյանին: Ե՞րբ կորավ այդ հավատքը:

- Այո, ես չեմ հերքում, կուրորեն հավատում էի նրան, բայց պարզվեց, որ քաղաքական դաշտում էլ լինում են շատ լավ արտիստներ, որոնք անթերի են խաղում: Այն, որ պատերազմի ընթացքից սկսած ես կտրուկ փոխել եմ իմ դիրքորոշումը, պարզ էր: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իմ համակրանքը երբեք ու ոչ մի ժամանակներում չեմ թաքցրել: Նրան համարում եմ Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքական գործիչը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         արտահերթ ընտրություններ, Լևոն Տեր- Պետրոսյան, Սուրեն Շահվերդյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon