Տոնական հորդորակ

Պաշտոնական 24.12.2019   14:00   541

Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ  այս տոնին առնչվող լեզվական միավորներին:

Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ հիմնականում Կաղանդ և Ամանոր, վերջին շրջանում՝ նաև Նոր տարի։

Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնին արևելահայ երեխաները անձկությամբ սպասում են Ձմեռ պապին (պապիկին), իսկ արևմտահայ փոքրիկները՝ Կաղանդ պապուկին (պապային):

Ըստ մեծատառերի գործածության մասին կանոնի՝  տոների անունները գրվում են մեծատառով՝ Նոր տարի (առաջին բաղադրիչը), Կաղանդ և Ամանոր:

 Ամանոր բառը կազմված է ամ (նշանակում է «տարի») և նոր արմատներից, որոնք միացել են ա հոդակապով: Ամ արմատով են կազմվել ամենամյա, ամավերջ, բազմամյա, տասնամյակ և բազմաթիվ այլ բառեր: Սխալվում են նրանք, ովքեր բառը օ-ով են գրում՝ կարծելով, թե արմատը օր-ն է, մինչդեռ արմատը նոր-ն է։ Բնականաբար, ճիշտ է Ո-ով գրությունը:

Իսկ Կաղանդ բառը փոխառվել է հունարենից (սա էլ իր հերթին վերցրել է լատիներենից):

Կարծիք կա, թե  ճիշտ է Ամանորի ձևը, իսկ ամանորյա ածականը սխալ է: Ասենք,  որ երկուսն էլ ճիշտ են, երկու ձևերն էլ հավասարապես կիրառելի են:  Ամանորյա բառը սխալ համարողները նշում են, որ նորյա բառ առանձին չի գործածվում, ուստի ամանորյա չի կարող լինել: Այո՛, նորյա բառ չկա, բայց այս դեպքում –յա վերջածանցն միացել է ոչ թե նոր արմատին, այլ ամանոր բառին: Այդպես էլ չունենք ջրյա, բայց ունենք ստորջրյա, չունենք երկրյա, բայց ունենք ստորերկրյա և այլն:

Ուստի ճիշտ են թե՛ «Բոլոր երեխաները Ամանորի նվերներ ստացան» և թե՛ «Բոլոր երեխաները ամանորյա նվերներ ստացան»:

Նոր տարվա՝ Ամանորի կամ Կաղանդի տոնի  անբաժան մասն է տոնածառը՝ եղևնին: Բայց եղևնին չպետք է շփոթել տոնածառի հետ: Տոնածառը զարդարված եղևնին է, բայց եղևնին դեռևս տոնածառ չէ. «Եղևնին անտառից եկավ տուն, զարդարվեց ու դարձավ տոնածառ»:

Ջերմորեն շնորհավորելով բոլորի Նոր տարին՝ Ամանորը՝ Կաղանդը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

հաշվի առնել մեր ամանորյա հիշեցումները.

 1. Նոր տարիԱմանոր և Կաղանդ  բառերը  նույն տոնի տարբեր անվանումներ են, գրվում են մեծատառով (Նոր տարի անվանման դեպքում՝ միայն առաջին բաղադրիչը).

2. նույն նշանակությունն ունեն Ձմեռ պապ / պապիկ և Կաղանդ պապուկ /  պապա բառակապակցությունները. սրանց առաջին բաղադրիչները գրվում են մեծատառով.

3. Ամանորի և ամանորյա լեզվական միավորները հավասարապես ճիշտ են.

4.  չպետք է նույնացնել եղևնին և տոնածառը:

Լեզվի կոմիտե

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հորդորակ, Դավիթ Գյուրջինյան, Լեզվի կոմիտե

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon