ԽԱՊԿ հայտարարությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի առնչությամբ

Պաշտոնական 13.12.2019   13:30   427

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ու գործընկեր կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝

ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ։
Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում տեղադրել է իր հեղինակած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ, որում, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայտարարում ենք, որ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերության՝ գովազդային շուկայից օգտվել-չօգտվելու հարցը նախկին իշխանությունների օրոք միշտ լուծվել է կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից ու կոնկրետ բիզնես-խմբերի շահերից, այլ ոչ թե հիմնվելով վստահություն ներշնչող հաշվարկների ու լուրջ փաստարկների վրա։ Որևէ հիմք չունենք ենթադրելու, որ ներկայիս նախաձեռնությունը պայմանավորված է հանրային պահանջով, և այդ նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում ոլորտում մասնագիտացված կառույցների շրջանում։

Արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հետհեղափոխական կառավարությունը կարևոր որոշումներ ընդունելիս և օրինագծեր մշակելիս անտեսում է փորձագիտական հանրույթի հետ դրանք քննարկելու անհրաժեշտությունը։

Անընդունելի և աչառու համարելով նշված օրինագծին կից հիմնավորումները՝ մենք պահանջում ենք.

  • Արդարադատության նախարարությունից՝ շրջանառությունից հանել վերոհիշյալ փաստաթուղթը և կազմակերպել բաց քննարկում Հանրային հեռուստատեսությամբ գովազդ հեռարձակելու հարցի վերաբերյալ,
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրապարակային դիրքորոշում արտահայտել հանրային հեռարձակողի՝ բյուջետային հատկացումներից բացի, գովազդային շուկայից օգտվելու անհրաժեշտության առնչությամբ,
  • Հանրային հեռուստառադիոընկերության Խորհրդից՝ լրացուցիչ և առավել համոզիչ հիմնավորումներ՝ բյուջետային ֆինանսավորման անբավարարության և գովազդ հեռարձակելու հրատապության վերաբերյալ, ինչպես նաև՝ պարզաբանումներ, թե ինչու են այդ խնդիրներն ու օրենսդրական փոփոխությունները համաձայնեցվում բացառապես իշխանությունների հետ, և անտեսվում է այլ շահագրգիռ կողմերի կարծիքը։

 
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԽԱՊԿ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon