Ամերիկյան դիվանագետները՝ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզերի մասին
ՋՈԶԵՖ ՓՐԵՍԵԼ․ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ (1995-1997 թթ.), ԱՄՆ դեսպան Ուզբեկստանում (1997-2000 թթ.)
1998-ից հետո առաջին անգամ եմ Հայաստան եկել։ Իմ կարծիքով՝ իրավիճակը զգալիորեն վատացել է։ Նախ՝ այն մարդիկ, ովքեր զբաղվում էին Ղարաբաղյան կարգավորմամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ունեին անձնական հարաբերություններ։ Նրանք խոսում էին ռուսերեն, նրանք կրթվել էին համանման դպրոցներում, ինստիտուտներում՝ Մոսկվայում, նրանք անհատական շփումների մեջ էին միմյանց հետ։ Նրանք հանգիստ հաղորդակցվում էին՝ առանց որեւէ խնդրի։ Ավարտվեց այդ շրջանը, երիտասարդ ադրբեջանցիները չգիտեն Հայաստանը, եւ հակառակը, իսկ դա չի կարող օգնել։ Հաջորդ հանգամանքը՝ ե՛ւ դուք, ե՛ւ ադրբեջանցիները համակերպվել եք իրավիճակին, որ չկա հակամարտության կարգավորում։ Օրինակ բերեմ 50 տարուց ավելի ձգվող Կիպրոսի հիմնախնդիրը, նրանք էլ են ընտելացել այդ իրավիճակին։ … Ռուսաստանը տարածաշրջանին մոտ է գտնվում, ոչինչ չես կարող անել։ Եթե Ռուսաստանը ցանկանում է իրավիճակը բարդացնել, ունի այդ հնարավորությունը։ Եթե ցանկանա ձգտել հակամարտության կարգավորմանը, նույնպես ունի դրա հնարավորությունը։ … Ես անձնական շփումներ ունեի Հեյդար Ալիեւի հետ, ես հարգում էի նրան որպես քաղաքական գործիչ։ Ես ծանոթացել եմ նրա որդու հետ, տեսել եմ նրան երկու-երեք անգամ իմ առաքելության ընթացքում։ Երիտասարդ Ալիեւի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ։ Ես շատ եմ հարգում Լեւոն Տեր-Պետրոսյանին նախ՝ որպես գիտնականի, նա լուրջ ակադեմիական է։ Իմ կարծիքով՝ նա շատ հումանիստ է։ Ես նրա հետ բազմաթիվ երեկոներ եմ անցկացրել։ Չափազանց հպարտ եմ, որ մենք անձնական շփումներ ենք ունեցել, որոնք, հուսով եմ, մինչ այսօր էլ պահպանվում են, եւ ես նրան կհանդիպեմ (aravot.am, 17.05.2015թ.):
* * *
ՋՈՆ ՀԵՐԲՍԹ․ ԱՄՆ դեսպան Ուզբեկստանում (2000–2003 թթ.) եւ Ուկրաինայում (2003–2006 թթ.)
Միացյալ Նահանգները երբեք բավարար ուշադրություն չի դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Եւ եթե ակտիվ ջանքեր չի գործադրելու հիմնախնդիրը լուծելու ուղղությամբ, ապա զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն ընդունում է Ռուսաստանի ավելի լայն դերակատարությունն այս հարցում, որովհետեւ Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական ազդեցություն ունի հակամարտող կողմերի նկատմամբ։… Երբ ես քսան տարի առաջ աշխատում էի Պետքարտուղարությունում նման հարցերի վրա, Հայաստանի նախագահն էր շատ լուրջ պետական գործիչ Տեր-Պետրոսյանը։ Կարծում եմ, որ նա իսկապես ուզում էր հասնել խաղաղ համաձայնության։ Բայց արմատական ուժերը Երեւանում, ինչպես նաեւ հայկական սփյուռքի արմատական ուժերը թույլ չտվեցին նրան համաձայնություն կնքել Ադրբեջանի հետ եւ ստիպեցին հեռանալ նախագահի պաշտոնից։ Կարծում եմ՝ դա շատ տխուր փաստ է։ Ես գիտեմ, որ հայերը շատ շնորհալի եւ տաղանդավոր ժողովուրդ են։ Հայաստանը ամենաաշխույժ եւ բարեկեցիկ երկրներից էր Խորհրդային Միությունում։ Հայերը շատ հաջողակ են նաեւ Ամերիկայում, բայց Ղարաբաղի հարցում այս արմատական դիրքորոշման պատճառով նրանք սահմանափակել են իրենց շատ տհաճ ներկայով եւ ապագայով (1in.am, 24.01.2016 թ.):
———
Ինչպես տեսնում ենք, ամերիկյան հայտնի դիվանագետներ Ջոզեֆ Փրեսելը և Ջոն Հերբսթը հաստատում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ երկու թեզերը.
ա. ԱՄՆ-ի համար Ղարաբաղյան կարգավորումը առաջնահերթություն չէ,
բ. Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։
Հիշեցնենք՝ ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստին Քվինը հնարավոր է համարում Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը և արցախահայության անվտանգ ապրելու հնարավորությունը։ Այս մասին Քվինը հայտարարել է հունիսի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում։