Արայիկ Մանուկյան. Այս մասին պետք է իմանալ (տեսանյութ)
ԱՅՍ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ
«Մահը սարսափելի չէ: Մահվանը սպասելն է սարսափելի»:
Այս բառերը Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է իր քառասուն տարվա գործակից, պատվավոր մտավորական այր Պարգև Շահբազյանին:
Ի՞նչ պարագայում և ինչպես՝ ամենալավը պատմում է Պարգև Շահբազյանը, որը, ցավոք, տարիներ առաջ հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին:
Հպարտ եմ, որ կարողացա Պարգև Շահբազյանի կյանքի վերջին շրջանում նրա պատմություններն արձանագրել ու հավերժացնել, քանզի դրանք ոչ միայն բացառիկ պատմություններ են Վեհափառ Հայրապետի և հայ եկեղեցու կյանքից, այլև հայոց լեզվի, խոսքի մշակույթի, բարեկիրթ մարդու բացառիկ վավերապատումներ են: Կարող եք դիտել՝ այստեղ:
1993-ի երկրորդ կեսին՝ Ազգային բարերար Ալեք Մանուկյանի հրավերով, Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը պետք է մեկներ Միացյալ Նահանգներ: Ինքնաթիռը նրան տարավ Փարիզ, որտեղից Վեհափառը պետք է ուղևորվեր ամերիկյան մայրցամաք, սակայն մեկ շաբաթ անց նա վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ չեղարկելով այցը:
Վեհափառը քաղցկեղ ուներ, սպիտակարյունություն, որ փոխանցվել էր ժառանգաբար, և Փարիզում բժիշկները նրան արգելեցին ուղևորվել ԱՄՆ:
Վեհափառի ինքնազգացողությունը գնալով վատանում էր, թեև ամենատարբեր բուժումներ ու քիմաթերապիա էր ընդունում:
Այդ օրվանից, ըստ էության, Վեհափառ Հայրապետը «սպասում էր մահվանը»:
Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը մահացավ 1994 թվականի օգոսոսի 18-ին, առավոտյան ժամը 7 անց 15-ին, 86 տարեկան հասակում, սակայն Վեհափառի հուղարկավորությունը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին:
Ինչո՞ւ:
Այո, Հայաստան էին ժամանում ամենատարբեր հոգևորական և աշխարհիկ բարձրաստիճան պատվիրակություններ ողջ աշխարհից, բայց կար մի հանգամանք ևս:
Հայ Առաքելական Եկեղեցին վերջին անգամ կաթողիկոս հուղարկավորել էր 1954-ին՝ Գևոր Զ Չորեքչյան կաթողիկոսին:
Հասկանալի էր, որ խորհրդային երկրում կաթողիկոսը չէր կարող հուղարկավորվել այնպիսի արարողակարգով, որ հանրությունը կարողանար հավուր պատշաճի հրաժեշտ տալ իր հոգևոր առաջնորդին և կաթողիկոսի հուղարկավորությունը բացառապես եկեղեցական արարողակարգ էր:
Իսկ Վազգեն Առաջին Վեհափառը մահացավ, երբ Հայաստանն անկախ պետություն էր, և Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանային հավուր պատշաճի հրաժեշտ տալ իրենց հոգևոր առաջնորդին՝ սիրված մի անհատականության, ով նաև 88-ի համազգային զարթոնքի խորհրդանիշերից էր, ով մինչև կյանքի վերջին վայրկյաններն ապրեց Հայաստանի ազատության ու անկախության գաղափարով, իսկ կաթողիկոսին հուղարկավորելու աշխարհիկ արարողակարգ, որը նաև պետք է համադրվեր եկեղեցու արարողակարգի հետ՝ գոյություն չուներ:
Ստեղծվեց հանձնխումբ, որը ղեկավարում էր Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնախմբում ընդգրկված էին բարձրաշխարհիկ հոգևորականներ, իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ և այլն:
Օրեր շարունակ հանձնախումբն աշխատեց Վեհարանում՝ քննարկելով բազմաթիվ նուրբ և առաջին հայացքից անտեսանելի խնդիրներ, բացառիկ մանրամասներ՝ դետալ առ դետալ ստեղծելով այն կարգը, որով պետք է հուղարկավորվեր Վեհափառ Հայրապետը:
Ես՝ որպես հայկական հեռուստատեսության ներկայացուցիչ, ևս պատիվ ունեցա լինել հանձնախմբում և առավոտից մինչև ուշ երեկո Վեհարանում մասնակցել քննարկումներին ու արարողակարգի ստեղծմանը:
Ստեղծված էր նաև Վեհափառի հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողով՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որի կազմում էին Սիլվա Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Սեն Արևշատկանը և այլոք:
Ի վերջո՝ Վեհափառի հուղարկավորման օր նշանակվեց օգոստոսի 28-ը, իսկ օգոստոսի 26-28-ը Հայաստանում հայտարարվեց համազգային սգի օր:
Երևանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում:
Հայկական հեռուստատեսությունը շարժական կայանով մի քանի խցիկներ էր տեղադրել Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու շրջակայքում, հարակից բլուրների լանջերին և հեռարձակում էր Վեհափառի հրաժեշտի արարողությունը: Իսկ երբ սգո թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, մեր օպերատորը, (եթե չեմ սխալվում՝ Ռուբեն Դավթյանը), ամբողջ ճանապարհը՝ մինչև Էջմիածին, նկարահանեց հեռուստատեսության ավտոմեքենայի տանիքին պառկած:
Ես չանսացի պետնախարար Արմենակ Ղազարյանի հորդորին՝ օպերատորին հեռու պահել այդ վտանգավոր քայլից, որովհետև դա մեր որոշումն էր։
Հայ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր հոգևոր առաջնորդին:
Իսկ Վեհափառի աճյունը Մայր Աթոռ տեղափոխվեց օգոստոսի 26-ին, որտեղ էլ օգոստոսի 28-ին կայացավ Ամենայն Հայոց Հայրապետի հուղարկավորությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ իր հրաժեշտի խոսքը, որը ոչ միայն Վեհափառի գործունեության գնահատանքի խոսք էր, ոչ միայն եկեղեցու խորքային ընկալման խոսք, այլև պետության առաջնորդի խոսք, խոսքարվեստի նմուշ՝ գրված իր իսկ ձեռքով:
Լևոն Տեր-Պետրոսյանը մեծագույն հարգանք էր տածում Ամենայն Հայոց Վեհափառի անձի և գործի հանդեպ:
Պատահական չէր, որ 1991-ին, երբ Տեր-Պետրոսյանը պետք է երդման արարողությամբ ստանձներ նախագահի պաշտոնը, իր իսկ ցանկությամբ և ներդրած ավանդույթով՝ նախագահը երդվեց՝ ձեռքը «Վեհամոր Ավետարան»-ին: Մի Ավետարան, որը փրկվել ու Մատենադարանին էր հանձնվել Վեհափառ Հայրապետի շնորհիվ, մեկ այլ Ավետարանի հետ՝ «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված:
Իսկ Վեհափառի մահվանից շուրջ մեկ ամիս առաջ՝ «…Հայոց եկեղեցու բարգավաճման գործին, ընդհանրապես ազգին, հայրենիքին և մեր նորանկախ պետականությանը մատուցած…» հսկայական ծառայությունների համար նախագահը՝ այցելելով Երևանի կաթողիկոսական առանձնատուն, Վեհափառ Հայրապետին շնորհեց «Հայաստանի Ազգային Հերոս» առաջին կոչումը և «Հայրենիքի» շքանշանը՝ նորանկախ Հայաստանի առաջին անձնագրերի հետ:
Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը՝ այստեղ:


