Արցախի իշխանությունների հետքը երևանյան ցույցում
Փետրվարի 26-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի՝ «Արցախը տարածք չէ, Արցախը սրբազան հայրենիք է» պաստառները կրող մասնակիցները պահանջում էին «հողեր չհանձնել»: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օդային լուսանկարման մեթոդով հաշվել է, որ ցույցին ժամը 19։00-ի դրությամբ մասնակցել է շուրջ 800 մարդ:
Մի կողմ թողնելով այն, որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ո՞վ է մտադիր Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքները, քննարկենք, թե ով և ինչպես էր կազմակերպել այդ ցույցը, գրում է fip.am-ը
Հասարակ ցուցարարները՝ ավտոբուսով
Ցույցի մասնակիցներից շատերը չէին թաքցնում, որ իրենք Արցախից են: Մասնակիցներից մի քանիսի հետ զրուցելով` պարզ դարձավ, որ Արցախի պետական համալսարանի ուսանողներ են, որոնք մտածում էին, թե եկել են «Սումգայիթի ջարդերին նվիրված» հավաքին, և իրենց Երևան են տեղափոխել ավտոբուսներով։
Հավաքի ընթացքում զրուցեցինք որոշ մասնակիցների հետ, որոնք առանձնապես տեղյակ ու հետաքրքրված չէի հավաքով և ընդունում էին, որ գրեթե բոլորը Արցախից են եկել «այս ակցիայի համար»:
Չբավարարվելով ցույցի մասնակիցների այս խոստովանությամբ, մենք հետևեցինք ցույցի՝ դեպի Եռաբլուր քայլերթի չմեկնած և Ազատության հրապարակում մնացած երիտասարդներին: Վերջիններս դժվար էին կողմնորոշվում Երևանում, և իրարից հարցնելով, թե «շտեղա՞ պրոսպեկտը», դուրս եկան Մաշտոցի պողոտա ու նստեցին իրենց սպասող միկրոավտոբուսները (ինչը ֆիքսեց fip.am-ի տեսախցիկը):
Միկրոավտոբուսները հաշվառված են Ստեփանակերտում: Արցախի պետհամալսարանից մեզ հայտնեցին, որ ուսանողներին բերողը «Առաջ Արցախ» երիտասարդական ՀԿ-ն է: Այդ կազմակերպությունը սուբսիդավորվում է Արցախի իշխանությունների կողմից (օրինակ` 2017 թվականին ստացել է 1,2 միլիոն դրամ պետական դրամաշնորհ):
Ազնվության համար նշենք, որ ցույցին ներկա էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ (այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանը և Գևորգ Գևորգյանը, որն անգամ ելույթ ունեցավ):
Կազմակերպիչները՝ Արցախի իշխանություններից
Ցույցի արցախյան հետքն է՛լ ավելի է հիմնավորվում Արցախի պաշտոնյաների ներկայությամբ:
Ցույցի հիմնական կազմակերպիչը Արշակ Զաքարյանն է, որն Արցախի իշխանությունների թույլտվությամբ «լրագրողի» անվան տակ դիրքեր էր մեկնում Կալաշնիկովի ինքնաձիգով: Զաքարյանը մտերիմ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար) Արշավիր Ղարամյանի հետ:
Արշավիր Ղարամյանն ամիսներ առաջ կոչ էր արել արցախցիներին դուրս գալ փողոց և իրենց բողոքը հայտնել «վտանգավոր այս պրոցեսի դեմ»: Իսկ Ստեփանակերտից ուսանողներին Երևան բերած ՀԿ-ի` «Առաջ Արցախի» ղեկավար Արթուր Հայրապետյանն Արշավիր Ղարամյանի ընկերն ու համագյուղացին է:
Ցույցին մասնակցում էին նաև Արցախից եկած ակնհայտ իշխանամետ (Արցախի իշխանամետ) ակտիվիստներ, որոնք դրսևորում էին բավականին տարօրինակ պահվածք: Մասնավորապես, անտեղյակ Հայաստանի օրենսդրությունից, այս անձինք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին, մեր թիմից պահանջում էին չնկարել ցույցը և անգամ ներկայանում էին կեղծ անուններով:
Ինքը` Արշավիր Ղարամյանը, լավ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Եվ միգուցե հենց դրանով էր պայմանավորված, որ ցույցի կազմակերպմանն ակտիվ դերակատարում էին ունենում բազմաթիվ հայտնի և անհայտ ՀՀԿ-ականներ:
Ավելին՝ fip.am կայքում