Աշոտ Սարգսյան. 2020-ի աղետը պատմության կեղծման հետևանքն էր. «Պարագիծ»
![Աշոտ Սարգսյան. 2020-ի աղետը պատմության կեղծման հետևանքն էր. «Պարագիծ»](/_nw/127/00921355.png)
«Պարագիծ» հաղորդաշար․ Ռուբեն Բանուչյանի զրույցը պատմաբան, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյանի հետ։
«Ընդհանրապես պատմությունը խեղաթյուրելը, կեղծելը, սևացնելը սովորաբար դա անում են օտարները, ոչ բարյացակամ հարևանները քո նկատմամբ: Մեր դեպքում շատ ավելի ցայտուն է, և թուրքական, և մասնավորապես ադրբեջանական պատմագրությունը: Բայց երբ ինքդ ես կեղծում քո պատմությունը՝ դա տասն անգամ ավելի վտանգավոր է ու վատ, քան թե, երբ դա անում են օտարները, որովհետև քո հասարակությունը քեզ հավատում է:
90-ականների պատմության շրջանի կեղծման դրդապատճառը 1998 թվականից հետո իշխանությունների՝ և Քոչարյանի ժամանակ, և Սերժ Սարգսյանի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանի ժամանակ ընդհանուր գիծ է, ընդհանուր քաղաքականություն է, որովհետև այդ շրջանն իրենց խանգարում է: Այդ շրջանն իր իրական արդյունքներով իրենց խանգարում է, որովհետև իրենց արածը դրա համեմատ դառնում է հանցագործության նման մի բան: Եթե Քոչարյանի և Սերժի ժամանակ կեղծում էին, ապա սրանք ընդհանարապես ոչնչացնում են:
Պատմություն կեղծելը թվում է մի անվնաս բան է, դա այդպես չէ: Դա ծանր հետևաքներ է ունենում: Դա փոխում է քո հասարակության պատկերացումները սեփական ուժերի, սեփական հնարավորությունների մասին, և այդ հասարակությունն անում է, կամ պաշտպանում է քայլեր, որոնք արկածախնդրական են և բերում են աղետների: Այս աղետը դրա հետևանքն էր:
Ընդունված խոսք է, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, պատմության դատաստանն ամեն ինչ կուղղի կամ կդատի. դա, ցավոք, չի աշխատում: Ավելի շատ հակառակն է լինում: Պատմությունն ավելի հաճախ սրբագործում է այն, ինչ-որ սխալ է եղել, և դա դառնում է մարդկանց պատկերացումների սխալ հիմք:
Ինչքան զուգահեռներ կան, որ այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 1920 թվականին՝ կարծես թե պատճենված կրկնվում է հիմա՝ 2020 թվականին: Իսկապես շատ բաներ ճշգրտությամբ իրար նման են: Եթե պատմությունը ճիշտ գրվեր և այդ շրջանը ներկայացվեր այնպես, ինչպես եղել է ու գնահատվեր այնպես, ինչպես եղել է՝ դա կզգուշացներ հիմիկվա և հասարակությանը, և քաղաքական գործիչներին, փորձագետներին: Այսինքն՝ հասարակական կարծիքը տարբեր կլիներ, մինչդեռ այն, ինչ այն ժամանակ արվել է սխալ, դա համարվել է հերոսական, ճիշտ, դրա վրա հասարակական պատկերացումներ են ստեղծվել, և այդ հասարակական պատկերացումների վրա այսօրվա քաղաքականությամբ զբաղվողները պարզապես շահարկելով դա և դա դարձնելով քաղաքական բիզնեսի առարկա, կարողացան իշխանության հասնել, իշխանություն ունենալ 20 տարի, հետո այս մեկը ևս 5 տարի: Այդ բոլորն այդ սխալ պատկերացումների շահագործման, շահարկման հետևանք են, և այդ աղետները դրա հետևանքն են:
Այնպես որ պատմությունը միշտ չէ, որ իր տեղն է դնում ամեն ինչ: Եթե նույնիսկ ինչ-որ բան հետո ճիշտ գնահատվում է, ապա արդեն ուշ է լինում, դրա գործնական նշանակությունն արդեն այդ երկրի, ժողովրդի կյանքում դառնում է զրոյական: Դա ընդամենը մնում է սրտի մխիթարանք, ուրիշ ոչինչ: Դրա համար հիմա պետք է գնահատվի երեկվա պատմությունը, եթե հիմա չգնահատվի՝ 100 տարի հետո դա որևէ իմաստ չունի»։
Ամբողջական՝ տեսանյութում.