Աշոտ Սարգսյան. Ինչպես ստանալ «կրիտիկական զանգված»
Ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական առումներով ճիշտ չէ ժողովրդին անտարբերության մեջ մեղադրելը որեւէ դեպքում։ Հայաստանի ժողովրդին՝ առավել եւս։
Համաժողովրդական շարժումները չեն հայտարարվում, գոյացվում են։ Պահի ճիշտ ընտրությունից եւ խնդրի ձեւակերպումից հետո շատ կարեւոր է «կրիտիկական զանգված» ապահովող մյուս բաղադրիչներն ապահովելը։ Դրանցից առաջինը նախորդ պատմաշրջանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿՆՆ է։ Ընդ որում՝ այդ գնահատականը պետք է լինի անաչառ, գիտականորեն փաստարկված, հիմնավորված, համոզիչ, ամբողջական, ազնիվ։ Պետք է բացառվի նպատակահարմարությանը տուրք տալը, մտքում պահած, չբարձրաձայնված որեւէ հաշվարկ ու նկատառում։
Նախորդ՝ խորհրդային պատմաշրջանի մշակված ու ճշգրիտ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆ էր դրված Ղարաբաղյան շարժման հիմքում 1988-1990թթ.՝ ներկայացված բազմաթիվ ելույթներով եւ այլ նյութերով։ Ավազակապետական ռեժիմի այդպիսի քաղաքական գնահատականն էր 2007-2013թթ. համաժողովրդական շարժման հիմքում։ Երկու դեպքում էլ դա էր «կրիտիկական զանգված» ապահովող, պայքարը համաժողովրդական դարձնող կարեւոր գործոններից մեկը։
Բանական խոսքը կարիք չունի զանազան կոչերի ու գայթակղիչ կարգախոսների, սադրանքների նկատմամբ խոցելի գործելակերպի։ Այս դեպքում է, որ մեկ-մեկուկես ժամ տեւող ելույթը հարյուր հազարանոց հանրահավաքում լսվում է առանց մի «ճանճի բզզոցի»։ Որովհետեւ՝ լսարանը այդպիսի խոսքում նաեւ հարգանք է տեսնում իր նկատմամբ։ Հայաստանյան լսարանը այդպիսի տասնյակ ելույթներ է լսել, եւ դա բարձրացրել է նրա ճաշակը ու դարձրել մի քիչ ավելի «քմահաճ»։
Հիմա պետք է տրվի մեր նորագույն՝ անկախության պատմաշրջանի արդեն շուրջ երեքուկես տասնամյա շրջանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ անաչառ, ճշգրիտ, ազնիվ, առանց քաղաքական կոնյունկտուրաների, անձնական եւ այլ նկատառումների։ Այդ դեպքում է, որ փողոց դուրս կգա հայ հասարակության ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ կազմող այն զանգվածը, որը սիրում է, երբ իր հետ ոչ թե կոչերով ու կարգախոսներով են խոսում, այլ դիմում են իր բանականությանն ու տրամաբանությանը։ Այլապես չի գոյանա այնքան անհրաժեշտ «կրիտիկական» զանգվածը։
-------------
Հ.Գ. 2018թ. կատարվածը ո՚՛չ հեղափոխություն էր, ո՛չ «թավշյա», ոչ էր առավել եւս՝ ժողովրդավարական։ Վիրավորական կլինի Հայաստանի ժողովրդի համար մտածել, թե արագաչափերն «սկոճելն» ու դռները ջարդելով ռադիոտունը «գրավելը», կամ «մերժիր Սերժին» պարզունակ կարգախոսը հարյուր հազարավոր մարդկանց հանեց փողոց։ Հարյուր հազարներ փողոց հանող «գլխավոր հերոսը» Նիկոլ Փաշինյանը չէր, այլ՝ Սերժ Սարգսյանը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս բացառիկ անխոհեմությամբ, թե հենց նախապես մտածված (երրորդ տարբերակ պարզապես չկա) սպառնաց «նոր Մարտի 1-ով»։ Դրանից հետո քաղաքական ու հասարակական որեւէ օրենք ու կանոն այլեւս չէր կարող աշխատել։
Աշոտ Սարգսյան
ՀԱԿ վարչության անդամ