«  Հուլիս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Բորել. Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ

Բորել. Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք չէ

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։Եվրոպայի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը դժվարացել է արդեն ավելի քան յոթ ամիս ՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման:
«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, և հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:
Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները կա՛մ քիչ են, կա՛մ ընդհանրապես չկան, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։
«Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։

Բորելը նշել է, որ Եվրոպական միությունը, և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մասնակցել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության առաջմղմանը։ Նա ընդգծել է, որ դա պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային:

Նշենք՝ Հայաստանը երեկ 19 բեռնատարներով մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց արդեն յոթ ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ: Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն։

 Բաքուն Երևանի այս քայլը «սադրանք» է որակել և պնդել, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև Մոսկվան է ընդգծել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը: