Դատական համակարգն առաջադրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին
Երեկ մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Նրա թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։
Խունդկարյանի կենսագրությունը՝ այստեղ:
Նշենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Երեք թափուր տեղերի համար թեկնածուներ պետք է առաջադրեն ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։
Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյանին։
Հիշեցնենք. մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ, Մարտի 1-ի զոհերի հարազատները, Մարտի 1-գործով քաղբանտարկյալները դիմել են Կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:Նրանք պնդում են՝ Սահմանադրական դատարանի բարեփոխումները պետք է ուղղված լինեն բարձր դատարանում անկախ դատավոր ունենալուն, մինչդեռ Ավետիսյանը չի համապատասխանում այդ հատկանիշներին: Վահրամ Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-16 թվականներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, քննել է նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր:
ԲԴԽ անդամ է ընտրվել Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։
Միքայելյանի կենսագրությունը՝ այստեղ:
Դատավորների կարգապահական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվել է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցել է 180-ը։