Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին:
Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի Խորհրդի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված ջանքերի և առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու լրացուցիչ հարթակ:
Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու 2018թ. ապրիլ-մայիսին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը: