Հերթական պատահարը կենդանաբանական այգում
Երևանի Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում, հայտնում են Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
«Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ:
Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:
Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար:
Պատահական չենք համարում, որ հերթական միջադեպը տեղի ունեցավ Այգու տնօրենի վերջին հարցազրույցից հետո, որը հրապարակվել է irates.am-ում:
Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու:
Ի դեպ այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը:
Կենդանաբանական այգում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի»,- ասված է հայտարարության մեջ: