Ջոնաթան Լաքոտ. Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ
Ես լիովին հասկանում եւ կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
News.am- ի փոխանցմամբ, Ֆրանսիացի դիվանագետն այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն:
«Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաև տեղ է, որտեղ դրսեւորվում է արժանապատվությունը:
Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծել է դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշել է. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաեւ հաղթանակի դեպքում»: