Կառավարության ծրագիրն ընդունվեց. այն կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը
ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը ( https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=porc-05-23-02.doc) և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:
Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:
Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականացվել են խմբագրական աշխատանքներ, առավելագույնս մշակվել են ստացված առաջարկները ծրագրի նախագծում ներառելու համար:
«Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն Կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասել է փոխվարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի նախագիծի հրապարակումից հետո եղել են որոշակի արձագանքներ, որոնք կառավարությունում աշխատանքային կարգով քննարկվել են:
«Այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:
Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը հնարավորություններ ստեղծելն է և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,-ասել է կառավարության ղեկավարը:
Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, Հարկային օրենսգիրքը, որը շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում, ինչպես նաև Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.
- Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
- Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
- Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
- Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
- Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
- Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
- Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
- Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):
Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: