Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու առաջին կարևոր նախադրյալներից մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել.
«Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ: Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը:
Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել. «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: