Լևոն Տեր-Պետրոսյան. «Մենք պետք է վերանվաճենք մեր անկախությունը»
«Եկեք անկախությունը ոչ մի բանի հետ չհամեմատենք: Ինձ համար անկախությունն անսակարկելի է: Ինչպիսի անկախություն էլ լինի դա, ինձ համար ամեն ինչից վեր է»
«Եթե մեր ժողովուրդը չունենար այդ իմաստությունը, ոչ մի նախագահ, ոչ մի ՀՀՇ, ոչ մի իշխանություն դա չէր կարող անել: Սա մեր ժողովրդի իմաստության շնորհքն է»
Լևոն Տեր-Պետրոսյան
1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:
1991 թվականի անկախության հանրաքվեից առաջ այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժողովրդին ուղղված կոչը.
«Սիրելի հայրենակիցներ.
Մենք կանգնած ենք իսկապես պատմական իրադարձության շեմին: Սեպտեմբերի 21-ին ՄԵՆՔ պետք է մեր սեփական ուժերով կերտենք մեր պատմությունը:
Եվ բախտը այնպես է տնօրինել, որ դու՛ք եք այդ պատմության կերտողները, և սերունդները ձեզ է, որ երախտապարտ պետք է լինեն:
Մենք կատարում ենք վճռական քայլ, որին անմիջապես պետք է հետևի Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի անկախության հռչակումը:
Բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ անկախությունը մեզ համար ինքնանպատակ չէ:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակը ազատությունն է: Եվ միայն ազգի անկախ պետականությունն է, որ կարող է ապահովել յուրաքանչյուր անհատի և հավաքական ժողովրդի ազատությունը:
Մենք անկախության ենք գնում ոչ թե զգացմունքներով. մենք գնում ենք գիտակցությամբ, բանականությամբ, քաղաքական ստույգ հաշվարկով:
Սա՛ է մեր քայլի ճշմարտացիությունը, մեր քայլի ամրությունը:
Եւ ես վստահ եմ՝ այսօր արդեն հանրաքվեն տեղի է ունեցել:
Ես կարծում եմ, մնացել է ընդամենը տեխնիկական հարց:
Ես վստահ եմ, որ մենք սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհին կապացուցենք քաղաքակիրթ ազգերի իրավահավասար շարքը դասվելու մեր իրավունքը և կստիպենք աշխարհին, որ հարգի մեր իրավունքը:
Եվ քանի որ մենք արդեն մեր անկախությունը ձեռք ենք բերել, ես կոչ եմ անում.
ԿԵՑՑԵ ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ»:
***
«Դժբախտաբար, անկախության վերականգնումից 20 տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջեւ:Մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը: Որովհետեւ այն մարդիկ¸ որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում, այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ այդ իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք անկախություն չենք ունենա: Ուրեմն ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել մեր անկախությունը»:
2011թ.
Читать на русском