Լևոն Տեր-Պետրոսյան. Հոկտեմբերի 27-ի խորհուրդը (տեսանյութ)
2007 թվականի հոկտեմբերի 26–ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում տիրող իրական վիճակը, որի մասին տարիներ շարունակ ոչ մի քաղաքական գործիչ, թերևս, չէր համարձակվում բարձրաձայնել։
(Հատված ելույթից)
Հոկտեմբերի 27-ի խորհուրդը
«...Ասվեց արդեն, որ Հայաստանի ներկա հանցավոր իշխանական համակարգի ձեւավորման սկիզբն ուղղակիորեն կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ: Չնայած անցած ութ տարիներին արտահայտված հազարավոր գնահատականներին ու վերլուծություններին, ինձ թվում է, այդ սահմռկեցուցիչ իրադարձության էությունը դեռեւս ամենայն խորությամբ չի լուսաբանված: Հայ ժողովրդի եւ Հայոց պետականության շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող միայն երեք նախադեպ է արձանագրվել: 705 թվականին Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական եւ մտավորական ընտրանուն: Իսկ 1930-ական թվականներին Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության եւ մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Սակայն տվյալ պարագայում համեմատությունը սոսկ արտաքին է ու մակերեսային: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով:
Մինչեւ բուն նյութին անցնելը, ավելորդ չեմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել հուշապատմական մի պատառիկ: Խորհրդարանական մղձավանջի հաջորդ առավոտյան ինձ զանգահարեցին Պաշտպանության նախարարությունից հրավիրելով մասնակցել բանակի ղեկավարության եւ քաղաքական ուժերի միջեւ նախատեսված մի խորհրդակցության: Ես կտրականապես մերժեցի եւ, խոսակիցներիս խստորեն սաստելով, ասացի մոտավորապես հետեւյալը. «Բանակի ի՞նչ գործն է խառնվել քաղաքականությանը եւ միջամտել երկրի ներքին գործերին: Դուք բոլորովին ուրիշ առաքելություն ունեք, այն է՝ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը եւ կանխել երկրին սպառնացող վտանգները»:
Չբավարարվելով այդքանով, ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը զանգահարեց ինձ եւ շնորհակալություն հայտնեց այդ առթիվ: Դա իշխանափոխությունից հետո իմ եւ Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու եւ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռք բերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից-Էլչիբեյին եւ Էլչիբեյից-Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով: Ուստի Ադրբեջանը չէր կարող չմտածել Հայաստանի նմանօրինակ վիճակից օգտվելու հնարավորության մասին: Այսքանն՝ իմիջիայլոց: Իսկ այժմ վերադառնանք օրվա ողբերգական թեմային:
Առաջին հայացքից բոլորին թվում էր, թե հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումն առանձնապես դժվարություն չպետք է ներկայացնի: Ոճրագործությունը կատարվել էր հարյուրավոր պատգամավորների եւ միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առջեւ, բուն կատարողները ոչ միայն հայտնի էին, այլեւ կալանավորված, ուստի անհնար էր պատկերացնել, թե ի՞նչը պիտի խանգարեր անաչառ քննությանն ու դատավարության ընթացքին: Այս ամենը, սակայն, միայն առաջին հայացքից: Շատ շուտով մենք ազգովին ականատեսը եղանք չափազանց արտառոց մի երեւույթի: Հանրապետության նախագահն, իր բացահայտ միջամտություններով, ոչ միայն ամեն ինչ արեց հետաքննության եւ դատավարության բնականոն ընթացքը խոչընդոտելու ուղղությամբ, այլեւ փաստորեն վիժեցրեց դավադրության հնարավոր կազմակերպիչների բացահայտման գործը:
Նման հնչեղություն ունեցող ոճրագործությունների պարագայում ամենուրեք, հասարակական կարծիքի տրամաբանությամբ, կասկածները սովորաբար ընկնում են իշխանությունների վրա: Ուստի երկրի նախագահն ամենաշահագրգռվածը պետք է լիներ հեռացնելու համար իրենից այդ կասկածները: Եթե նա չուներ որեւէ այլ մոտիվացիա, ապա պետք է բացարձակ ազատություն տար քննչական եւ դատական մարմիններին, հրավիրեր աշխարհի լավագույն փորձագետներին եւ ապահովեր դատավարության լիակատար հրապարակայնությունն ու թափանցիկությունը: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Նախագահը զինվորական դատախազին արգելեց հանդես գալ խորհրդարանում, իսկ հետո ընդհանրապես հեռացրեց գործի վարույթից, աշխատանքից ազատեց գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ռեժիմի հավատարիմ գործիք Աղվան Հովսեփյանին, հրապարակային ճնշումներ բանեցրեց տուժող կողմի պաշտպանների վրա՝ նրանցից մեկին մասնավորապես կոչելով բոմժ, վերեւների թելադրանքով դատարանը կարճեց կազմակերպիչների գծով գլխավոր կասկածյալ Ալեքսան Հարությունյանի գործը, որից հետո համաներման պատրվակով ազատ արձակեց նաեւ վեց այլ ամբաստանյալների եւ այլն: Այսինքն՝ կամա թե ակամա, Քոչարյանը բոլոր կասկածներն ուղղեց իր դեմ, ինչը նշանակում է, որ այդպիսի ռիսկի գնալու համար նա լուրջ պատճառներ պետք է ունենար:
Հոկտեմբերի 27-ի գործում դատարանների թույլ տված ամենակոպիտ օրինախախտումները հետեւյալ երկուսն են.
Առաջին. 2001 թվականի հունիսի 12-ին ընդունված համաներման օրենքում հստակորեն նշված էր, որ այն չէր տարածվում դատաքննությունն սկսված գործերի վրա: Եվ քանի որ, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ի գործով դատաքննությունն սկսված էր, ապա այդ օրենքը չէր կարող կիրառվել տվյալ գործով մեղադրվող անձանց նկատմամբ: Հետեւաբար, դատավոր Ուզունյանը, համաներման կիրառմամբ կարճելով վեց ամբաստանյալների գործերը, թույլ է տվել օրենքի աններելի խախտում, ինչը, բնականաբար, չէր կարող չազդել դատավարության հետագա ընթացքի վրա:
Երկրորդ. Օրենքի շատ ավելի աղաղակող ոտնահարմամբ մի այլ դատավոր կարճել է Ալեքսան Հարությունյանի գործը՝ հիմք ընդունելով Նաիրի Հունանյանի մերկապարանոց հայտարարությունն այն մասին, թե իբր վերջինիս դեմ տրված ցուցմունքներն իրենից կորզվել են խոշտանգումների միջոցով: Սակայն Հարությունյանի գործն այդպիսի հիմնավորմամբ կարճելուց առաջ դատարանը պարտավոր էր խոշտանգումների փաստն ապացուցել դատավճռով եւ խոշտանգողներին ենթարկել համապատասխան պատիժների՝ մի բան, որ չի արվել: Հետեւաբար, Հարությունյանի գործը կարճվել է ապօրինաբար, ինչը նշանակում է, որ Հունանյանի բոլոր ցուցմունքները դեռեւս ուժի մեջ են՝ ցուցմունքներ, որոնցում Ալեքսան Հարությունյանը ներկայանում է որպես կազմակերպիչների գծով հոկտեմբերի 27-ի գործի գլխավոր կասկածյալ եւ հանգուցային ֆիգուր:
Չեմ կարծում, թե հիշյալ դատավորներն այնքան արհեստավարժ չէին, որ չհասկանային իրենց կայացրած վճիռների անօրինականությունը: Եթե, այդպես լինելով, նրանք այնուամենայնիվ վտանգել են իրենց պրոֆեսիոնալ համբավը եւ հետագա կարիերան, ապա դա նշանակում է, որ կա՛մ ենթարկվել են ճնշումների, կա՛մ էլ առաջնորդվել այլ շարժառիթներով: Երկու դեպքում էլ, սակայն, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առաջ:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հավերժ մնալու է որպես Հայոց պետականության գլխին կախված ամոթալի խարան, ինչը կարելի կլինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացահայտման դեպքում: Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագա նախագահի ամենագլխավոր պարտականություններից մեկը՝ մի բան, որ բացառված է Սերժ Սարգսյանի ընտրվելու պարագայում»:
;A1+-ի տեսանյութում՝ ովքեր ևինչ հանգամանքներում են մահացել Հոկտեմբերի 27 -ի վկաները. (2014թ.)