Լևոն Տեր-Պետրոսյան. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ...». 1991-1996թթ.
 1991թ-ի հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ։
Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջին երդումը տվեց 1991 թվականի նոյեմբերի 11-ին` ձեռքը դնելով Մատենադարանի հնագույն ձեռագրի` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա:
2-րդ անգամ Լևոն Տեր–Պետրոսյանը երդվեց 1996 թվականի նոյեմբերի 11–ին` ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Հայաստանն արդեն ուներ Սահմանադրություն, որի համաձայն Նախագահական երդումը պետք է տրվեր աջ ձեռքը Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա դրված։
ՀՀ նախագահի երդման երկրորդ արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում, Ազգային ժողովի շենքում:
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտոնական երդումը.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ.
- սրբությամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի առաջնահերթ պարտականությունը.
 - գործել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում.
 - առաջնորդվել ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների գերակայության գիտակցությամբ.
 - ջանք չխնայել երկրի խաղաղությունը, քաղաքական կայունությունը եւ քաղաքացիական համերաշխությունը ապահովելու ուղղությամբ.
 - մշտական հոգածության առարկա դարձնել ժողովրդի բարեկեցության բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման խնդիրները.
 - չկորցնել զգոնությունը, իրականության զգացողությունը, պատասխանատվության գիտակցությունը.
 - հեռու մնալ արկածախնդրությունից, անիրատես ծրագրերից ու շուտափույթ որոշումներից.
 - մերժել ծայրահեղականությունը, ամբոխավարությունը, ամբոխահաճությունը եւ սին խոստումները.
 - ժողովրդին զերծ պահել ահաբեկչության, թմրամոլության, ավազակության վտանգներից.
 - բարձրացնել ազգի բարոյական ոգին, ամրապնդել ու խորացնել նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ.
 - պետականությունը վեր դասել ազգային ու քաղաքական բոլոր գաղափարներից, գիտակցել պատասխանատվությունը համայն հայության առջեւ։
 
Այսքանն ի պաշտոնե, մնացյալը՝ զուտ մարդկային առումով.
- որեւէ քայլով չարատավորել ազգի պատիվը, չդիպչել մարդու արժանապատվությանը.
 - հարգել այլակարծությունը, բայց նաեւ տեր կանգնել սեփական կարծիք ունենալու իրավունքին.
 - պահպանել լսելու եւ խորհրդակցելու ունակությունը.
 - չհավակնել դատավորի դերի, խուսափել անիմաստ բանավեճերից ու շատախոսությունից.
 - չընկրկել դժվարությունների առջեւ, չշփոթվել անորոշ կացություններում.
 - տուրք չտալ պատեհապաշտության եւ էժանագին քաղաքական շահադիտության.
 - մերժել՝ թե՛ ազգային սնապարծությունն ու գերազանցությունը, թե՛ օտարամոլությունն ու աշխարհաքաղաքացիությունը.
 - ատել բռնությունը, սպառնալիքը, սադրանքը, դավադրությունը.
 - չհանդուրժել սուտը, կեղծիքը, բամբասանքը, մատնությունը, զրպարտությունը, անօրենությունը.
 - արհամարհել պերճանքը, ընչասիրությունը, ցոփությունը.
 - վանել փառասիրությունը, գոռոզամտությունը, հոխորտանքը.
 - օտարել քծնանքը, շողոքորթությունը, երեսպաշտությունը.
 - ոչինչ չանել շնորհակալության, երախտագիտության կամ հատուցման ակնկալիքով»։
 
11 նոյեմբերի, 1996 թ.
Ամբողջական՝ տեսանյութում
 

