«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Լաչինի իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այս մասին երեկ՝ փետրվարի 24-ին,հայտարարել են  ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա), որոնք փետրվարի 17-19–ը այցելել էին Հայաստան։

Նրանք ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ են արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։
«Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ։ Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ տարածաշրջանից»,– ասված է հայտարարությունում։

ԵԽԽՎ համազեկուցողները նշել են նաև, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաների մուտքուելքով հնարավոր չէ բավարարել բնակչության կարիքները։

Հայտարարությունում նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման և էլեկտրամատակարարման բազմակի ընդհատումներին ու փաստել, որ այդ փաստը հանգեցրել է բնակիչների իրավունքների լուրջ խախտումների։
«Շատ մարդիկ արդեն կորցրել են աշխատանքը, իսկ երեխաները զրկված են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել»,– նշել են համազեկուցողներ։

Նրանք խոսել են նաև ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին` այդ թվում արգելված զինատեսակների կիրառմամբ և քաղաքացիական ենթակառուցվածքների խոցմամբ։
«Արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցները հավաքվել և պահպանվել են հետագա փորձաքննության համար։ Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն վիճելի սահմանագծից շատ հեռու»,- նշել են ԵԽԽՎ համազեկուցողները։»,– գրված է հայտարարությունում։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները։

Նշենք, որ Կիմմո Կիլյունենն ու Բորիանա Օբերգն այցելել են Ջերմուկ, Սյունիք, Սոթք և Կուտական, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը։ Նրանք հանդիպել են Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Արցախի բնակիչների հետ։

Նշենք՝փետրվարի 24-ին Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։

Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։