Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունից։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ:
Նշենք, որ Բաքուն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը: Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ պատրաստ են Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային՝ ադրբեջանական հասարակությանը:
«Ադրբեջանն այսօր խոսում է խաղաղության օրակարգի մասին, և դա նշանակում է, որ մենք շրջել ենք պատմության սև էջերը հանուն պայծառ ապագայի։ Այդ կոնտեքստում մենք հայտարարել ենք Ղարաբաղի ծագումով հայերի սոցիալական, քաղաքական և տնտեսական վերաինտեգրման պատրաստակամության մասին», - ասել է Բայրամովը։
«Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին», - ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը :
«Հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող», նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Արցախում սննդի, դեղորայքի խիստ պակաս կա: