ՄԻՊ-ի և ԱԳՆ-ի արձագանքը Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի ողջ բնակչության մասին կրկին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցով Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:
Նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը՝ նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:
Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ադրբեջանի նախագահը բացահայտ նշում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես է անում հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս կերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն ու իրականացնում թշնամանքի հրապարակային քարոզ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:
Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:
Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:
Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ:
Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը՝ բացառելու համար իրավունքների նոր խախտումներ, նոր պատերազմական հանցագործություններ ապագայում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցին, որում նա հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը», - ասել է Նաղդալյանը։
Նա ընդգծել է, որ հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ», - ասել է ԱԳՆ խոսնակը։
Նա շեշտել է, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: