Նիկոլ Փաշինյանի ուղերձը ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԼՂ հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը:
Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը՝ 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին:
Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին և այս տարիների ընթացքում հայկական կողմերը մշտապես հավատարիմ են եղել և շարունակելու են հավատարիմ մնալ այդ կարևորագույն համաձայնագրի իրականացմանը:
Քառորդ դար է անցել այդ պահից, որի ընթացքում հրադադարը, ցավոք, չի վերածվել խաղաղության։
Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Առարկայական բանակցություններ և արդյունք հնարավոր են միայն այն դեպքում, երբ Արցախը կներգրավվի այն գործընթացում, որն ի վերջո որոշելու է նրա կարգավիճակն ու ապահովելու է այնտեղ ապրող մարդկանց անվտանգության երաշխիքները: